Մեքսիկայում 59 անհայտ կորածների դիերի գերեզմանոցներ են հայտնաբերվել
Իրավապահ մարմինները Մեքսիկայի կենտրոնական մասում գտնվող Գուանախուատո նահանգի Սալվատիերա համայնքում 59 մարդու դիերի գաղտնի գերեզմանոցներ են հայտնաբերել: Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսին հայտարարել է Անհայտ կորածների որոնման ազգային հանձնաժողովի ղեկավար Կառլա Օսունան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք գաղտնի գերեզմանոցներում 59 դի ենք գտել: Մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները»,- ասել է նա: Խոսքը տարածաշրջանում գործող կազմակերպված հանցավոր խմբավորումների զոհերի մասին է:
2020 թվականի հունվարի դրությամբ Մեքսիկայում ավելի քան 61.000 անհայտ կորած մարդ է գրանցվել: Վերջին տարիներին երկրում բռնության շատ բարձր մակարդակ է նկատվում` չնայած հանցավորության դեմ պայքարին ուղղված իշխանությունների բոլոր ջանքերին: Ապրիլի վերջին հանրապետության ղեկավար Անդրես Մանուել Լոպես Օբրադորն անվտանգության ոլորտում իրավիճակը ծայրահեղ ծանր է անվանել` շեշտելով, որ կառավարությունն ակտիվորեն աշխատում է այն բարելավելու ուղղությամբ:
Կարծիքներ