Էրդողանը փոխել է Թուրքիայի կառավարության գրեթե ամբողջ կազմը. Չավուշօղլուն ու Աքարն առայժմ ցանկերում չկան

Էրդողանը փոխել է Թուրքիայի կառավարության գրեթե ամբողջ կազմը. Չավուշօղլուն ու Աքարն առայժմ ցանկերում չկան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է գրեթե ողջ կառավարության կազմը, այդ թվում՝ առանցքային գերատեսչությունների ղեկավարներին։ Նա շաբաթ օրը հրապարակել է հանրապետության կառավարության նոր կազմը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։

Առանցքային փոփոխություններ ու պաշտոններ

Արտաքին գործերի նախարարության ղեկավարն է այսուհետ հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, ով Ազգային հետախուզական կազմակերպությունը ղեկավարում էր 2010 թվականի մայիսից։

Նրա փոխարեն Ազգային պաշտպանության նախարարությունը կղեկավարի գեներալ Յաշար Գյուլերը, ով զբաղեցնում էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Ներքին գործերի նախարարության ղեկավարը լինելու է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան, որը Ստամբուլի նահանգի նահանգապետն էր 2018 թվականից, իսկ մինչ այդ ղեկավարել է Գազիանթեփ նահանգը։

Մեհմեթ Շիմշեքը որպես ֆինանսների նախարար հրավիրվել է զբաղվելու երկրի տնտեսության բարդ իրավիճակով։ Նա այս պաշտոնն արդեն զբաղեցրել է 2009-2015 թվականներին, իսկ նախկինում եղել է տնտեսական հարցերով պետական նախարար (2007-2009 թթ.):

Ալփարսլան Բայրաքթարը, ով նախկինում աշխատել է էներգետիկայի փոխնախարար, կդառնա էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ղեկավար։

Էրդողանը, ինչպես ավելի վաղ խոստացել էր, չի ավելացրել փոխնախագահների թիվը՝ ասելով, որ «մեկ տեղակալը բավական է», բայց այս պաշտոնում փոխել է Ֆուաթ Օքթային։ Նոր փոխնախագահը կլինի Ջևդեթ Յըլմազը, ով նախկինում եղել է կառավարության անդամ։ 2009-2011 թվականներին եղել է պետնախարար, 2011-2016 թվականներին՝ Թուրքիայի զարգացման նախարար և տնտեսական հարցերով փոխվարչապետ։

17 նախարարներից միայն երկուսն են  մնացել իրենց պաշտոններում՝ Ֆահրեթթին Քոջան (Առողջապահության նախարարություն) և Մեհմեդ Նուրի Էրսոյը (Մշակույթի և զբոսաշրջության նախարարություն):

Այլ նախարարներ

51-ամյա Յըլմազ Թունչը կգլխավորի Թուրքիայի արդարադատության նախարարությունը։ Նա Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է։ Եղել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ։

Երիտասարդության և սպորտի նախարարությունը կղեկավարի Օսման Աշկին Բակը։ Նա մասնագիտությամբ ինժեներ է, վերջին չորս գումարման պատգամավոր է ընտրվել։

Առևտրի նախարար է նշանակվել Օմեր Բոլատը. 1984-ին նա ավարտել է Պոլսի Մարմարա համալսարանի տնտեսագիտության և վարչական գիտությունների ու միջազգային տնտեսագիտության բաժինները։

Աբդուլքադիր Ուրալօղլուն դարձել է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ղեկավար։ Մինչ այդ՝ 2018 թվականից նա ղեկավարում էր տրանսպորտի նախարարությանը կից Թուրքիայի ավտոճանապարհների գլխավոր տնօրինությունը։

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը կգլխավորի Մեհմեդ Օժասեքին, ով նախկինում այս պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հուլիսը։

Ընտանիքի և սոցիալական ծառայությունների նոր նախարարը կլինի Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը, ով թուրքական ծագումով նախկին բելգիացի քաղաքական գործիչ է և 2020 թվականի հունվարից զբաղեցրել է նաև Ալժիրում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը կգլխավորի Վեդատ Յշիխանը։ Նախկինում նա եղել է Անկարայի Հաջեթեփե համալսարանի սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ և Տնտեսագիտության և վարչական գիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ։

Թուրքիայի ազգային կրթության նոր նախարարը կլինի Յուսուֆ Թեքինը, ով այս գերատեսչությունում զբաղեցրել է փոխնախարարի պաշտոնը 2013 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հուլիսը։

Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը նշանակվել է արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության ղեկավար։ Նա 2018 թվականի հուլիսից վերջին կաբինետում իր նախորդ Մուստաֆա Վարանկայի տեղակալն էր։

Իբրահիմ Յումակլին, ով աշխատել է Al Jazeera Türk հեռուստաալիքում 2011-ից 2015 թվականներին, 2016 թվականի հունվարից եղել է Anadolu գործակալության միջազգային գործառնությունների տնօրեն, իսկ 2022 թվականի ապրիլից նշանակվել է գյուղատնտեսության և անտառային տնտեսության փոխնախարար, դարձել է գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար։

Ո՞ւր մնացին Չավուշօղլուն ու Աքարը

Նշենք, որ ի սկզբանե թուրքական տարբեր լրատվամիջոցներ պարբերաբար հայտնում էին ամբողջ նախարարական կաբինետի կազմի փոփոխության մասին: Հայտարարվում էր, որ կազմը գրեթե ամբողջությամբ կթարմացվի, միայն արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Հուլուսի Աքարը կարող են պահպանել իրենց պաշտոնները։ Այժմ, սակայն, երբ հրապարակվել է Թուրքիայի կառավարության նոր ամբողջական կազմը, անհայտ է, թե ուր մնացին Մևլութ Չավուշօղլուն և Հուլուսի Աքարը: Ենթադրվում է, սակայն, որ նրանք ևս կունենան իրենց «արժանի ու առանցքային պաշտոնները», քանի որ Էրդողանի թիմի երկարամյա ու հավատարիմ անդամներն են:

Չավուշօղլուն արդեն 9 տարի՝ 2014 թվականից սկսած, զբաղեցնում էր երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը` փոխարինելով Ահմեդ Դավութօղլուին: Նա հարուստ աշխատանքային  փորձով պաշտոնյա է, որին դժվար թե իշխանության կազմից դուրս թողնի Էրդողանը: Մինչ երկրի ԱԳ նախարար նշանակվելը, նա 2009 թվականի սեպտեմբերին ԵԴԽ-ից ընտրվել է ԵԱՀԿ նախագահի թեկնածու, իսկ 2010 թվականին ընտրվել է այդ պաշտոնում:  Եղել է ԵՄ հարցերով Թուրքիայի նախարարը, համարվում էր ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալը:

Աքարը ևս երկարամյա ծառայության փորձ ունի: Բանակի գեներալը Թուրքիայի Գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվելուց առաջ ծառայել է որպես Թուրքիայի ցամաքային զորքերի կամ այլ կերպ ասած՝ թուրքական բանակի հրամանատար: Թուրքիայի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել է հենց Էրդողանի կողմից՝ 8 տարի առաջ, 2015 թվականի օգոստոսի 18-ին՝ հաջորդելով բանակի գեներալ Նեջդեթ Օզելին:

«Առաջիկա 5 տարիների ընթացքում մենք խոստանում ենք ամբողջ ուժով աշխատել՝ պաշտպանելու Թուրքիայի Հանրապետության փառքն ու պատիվը, բարձրացնելու նրա հեղինակությունը և փառաբանելու Թուրքիան ամբողջ աշխարհում»,- կառավարության կազմի հրապարակումից հետո հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք՝ վերջինս պաշտոնական երդմամբ երեկվանից երրորդ անգամ ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը՝ մինչ այդ հաղթելով իր հիմնական մրցակցին՝ Քեմալ Քըլըչդարօղլուին ընտրությունների երկրորդ փուլում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում