Ճապոնիայի նոր արտգործնախարար կնշանակվի Յոշիմասա Հայաշին
Ճապոնիայի արտաքին գործերի նոր նախարարը կլինի Յոշիմասա Հայաշին, որը նախկինում զբաղեցրել է երկրի պաշտպանության, գյուղատնտեսության, կրթության նախարարի պաշտոնները։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին։
Նշվում է, որ վարչապետ Ֆումիո Կիսիդան արդեն կայացրել է այս կադրային որոշումը։ Կառավարության պաշտոնապես նորացված կազմը պետք է հաստատվի նոյեմբերի 10-ին։ Միևնույն ժամանակ կբացվի Ճապոնիայի խորհրդարանի արտահերթ նիստը, որում պաշտոնական քվեարկություն կանցկացվի երկրի նոր վարչապետի համար. Կիսիդան կվերընտրվի կառավարության կաբինետի ղեկավարի պաշտոնում և կդառնա Ճապոնիայի 101-րդ վարչապետը։ .
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգիին անցել է Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Մինչև կաբինետի նոր կազմի հրապարակումը արտաքին գործերի նախարարության ղեկավարի գործառույթները կիրականացնի անձամբ վարչապետ Կիսիդան։
Կարծիքներ