Հաստատվեց հակաճգնաժամային 20-րդ միջոցառումը. տուժած ոլորտների աշխատողներին կտրվի միանվագ վճար
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակում աջակցության տրամադրման կարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին ու անհատ ձեռնարկատերերին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, սույն որոշման իմաստով տուժած ոլորտներ են համարվում հետեւյալ գործունեության տեսակները՝ հյուրանոցային և հյուրատնային ծառայությունները, հանրային սննդի ծառայությունները, զբոսաշրջային ծառայությունները, նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, խաղատների գործունեությունը:
«Եթե գործատուն գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ), ապա գործատուի վարձու աշխատողներին աջակցություն տրամադրվում է, եթե տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40 տոկոս»,- ասաց Բաթոյանը։
Ընդ որում, այս դեպքում՝ շահառու են հանդիսանում գործատուի բոլոր վարձու աշխատողները։
Վարձու աշխատողները (այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները), շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ (այդ թվում՝ եթե 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը)։
Նշված անձանց աջակցությունը տրամադրվում է՝ անկախ գործատուի կողմից աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում կամ պայմանագրային եկամուտ հաշվարկելու հանգամանքից։
Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականին գործունեություն են ծավալել տուժած ոլորտում: Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թվականի 1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այն տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ քարտին փոխանցելով: Այսինքն դա չի կատարվելու բանկերի միջոցով:
Աջակցությունը տրվելու է դիմումների հիման վրա, որը լրացվելու է ssa.am կայքում:
Այս միջոցառումը կվերաբերի շուրջ 36800 մարդու, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 2,5 մլրդ դրամ: Դիմումների ընդունումը կսկսվի հունիսի 22-ից:
Կարծիքներ