Հնդկաստանը նոր կոշտ կանոններ է սահմանել սոցիալական մեդիայի հարթակների նկատմամբ
Հնդկաստանը նոր կոշտ կանոններ է մտցրել սոցիալական մեդիայի հարթակների նկատմամբ` ԱՄՆ տեխնոլոգիական հսկաներին մեղադրելով «երկակի ստանդարտների» մեջ, հայտնում է AFP-ն:
Կանոնակարգերն ուժի մեջ կմտնեն երեք ամիս անց եւ սոցցանցերին, առցանց ծառայություններին եւ թվային լրատվական ծառայություններին, այդ թվում` Facebook-ին եւ Twitter-ին, կստիպեն հեռացնել քոնթենթը բողոք ներկայացնելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Տեխնոլոգիական ընկերությունները նույնպես ստիպված կլինեն բացահայտել «չարակամիտ» թվիթերի կամ հաղորդագրությունների ծագումը, եթե Հնդկաստանի դատարանը կամ կառավարությունը պահանջեն անել դա:
Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռավի Շանքար Պրասադն արդարացրել է այդ քայլը` Twitter-ի հրաժարումը հեռացնել քոնթենթը հունվարին Նյու Դելիում բողոքող ֆերմերների կողմից կազմակերպված անկարգություններից հետո համեմատելով սոցցանցի պահվածքի հետ ԱՄՆ Կապիտոլիումի վրա գրոհի փորձից հետո: «Եթե Կոնգրեսում Կապիտոլիումի վրա հարձակում է տեղի ունենում, սոցիալական ցանցերն աջակցում են ոստիկանության գործողություններին: Սակայն երբ խոսքը Լալ Քիլայի վրա ագրեսիվ հարձակման մասին է... դուք երկակի ստանդարտներ ունեք»,- ասել է նա` «անընդունելի» անվանելով դա: Ֆերմերները փորձել էին գրոհով գրավել Նյու Դելիի պատմական Կարմիր բերդը, որը հայտնի է նաեւ Լալ Քիլա անվամբ, այն բանից հետո, երբ հունվարի 26-ի հանրահավաքը համաքաղաքային անկարգությունների էր վերաճել: Հնդկաստանի կառավարությունը Twitter-ին հրամայել էր հեռացնել ցույցերը մեկնաբանող հարյուրավոր էջերը եւ թվիթերը: Twitter-ը սկզբում համաձայնել էր, սակայն շուտով կրկին ապաարգելափակել էր էջերը:
Կարծիքներ