Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա. օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտներից քանի տոկոսին ցուցված կլինի հետազոտությունը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի, «Ռադիոիզոտոպների արտադրություն» կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի, ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանի և այլ մասնագետների հետ:
Այս տարվա հունիսին Հայաստանում, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում, առաջին անգամ իրականացվել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա (ՊԷՏ/ՀՏ) հետազոտությունը։ Վերջինս քաղցկեղի ախտորոշման ու բուժման ընթացքը հսկողության տակ պահելու համար խիստ անհրաժեշտ հետազոտություն է։
Քննարկվել է ծառայության հասանելիությունը մեծացնելու, կենտրոնը զարգացնելու, ինչպես նաև պետության կողմից համավճարի և պետական պատվերի տեղադրման հնարավորությունները։
«Արժե ունենալ նաև գլոբալ օգտագործման ուղեցույցներ, գործելակարգեր` բժիշկների մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար և ներառել նաև պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան», – նշել է Արսեն Թորոսյանը։
Նախարարը նաև հետաքրքրվել է, թե պետական պատվերի տեղադրման դեպքում օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտներից քանի տոկոսին ցուցված կլինի հետազոտությունը։ Մասնագետները հայտնել են, որ նախնական հաշվարկներով ավելի քան 40 տոկոս է կազմում նման պացիենտների թիվը և առաջիկայում կհստակեցվի։
«Ակնկալում եմ, որ առաջիկայում կունենանք հստակ հաշվարկներ՝ հասկանալու համար, թե տարեկան կտրվածքով քանի պացիենտի կարող ենք սպասարկել պետական պատվերի շրջանակներում», – ասել է նախարարը։
Կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը հանդիպման վերջում հայտնել է, որ այժմ ընթանում են քննարկումներ՝ իզոտոպների արտահանում կազմակերպելու ուղղությամբ։
Կարծիքներ