Հայաստանում այսօր բռնադատվածների հիշատակի օրն է

Հայաստանում այսօր բռնադատվածների հիշատակի օրն է

Ամեն տարի հունիսի 14-ին հազարավոր մարդիկ այցելում են Բռնադատվածների հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու 1920-1991թթ. հանիրավի բռնադատվածների՝ Երևանի բանտում կացնահարվածների, գնդակահարված ու աքսորված հազարավոր սպաների, սպանված հարյուրավոր մտավորականների, աքսորված տասնյակ հազար ներգաղթյալ սփյուռքահայերի, բռնագաղթի ճանապարհին ցրտից ու քաղցից մահացածների, հարյուր հազարավոր անմեղ զոհերի անմար հիշատակին։


Հունիսի 14-ը 2006թ.-ին ներառվել է ՀՀ պետական տոների և հիշատակի օրերի ցանկում և նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր, քանի որ Ցեղասպանությունից հետո հայերի ամենազանգվածային տեղահանությունը կազմակերպվել է 1949թ. հունիսի 14-ին։

«Պահպանողական կուսակցությունն» ամեն տարի Հունիսի 14-ին կազմակերպում է այցելություն Բռնադատվածների հիշտակին նվիրված հուշահամալիր և ծաղկեպսակ դնում խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատվածների հիշատակին։

FreeNews-ի հետ զրույցում Պահպանողական կուսակցության փոխնախագահ Հայկ Միրզոյանն նշեց, որ հիշատակի այս օրվա վերաբերյալ հանրության ուշադրության պակասը պայմանավորված է իշխանությունների անուշադրությամբ․

«Մենք մեր ռեսուրսների չափով հնարավորինս փորձում ենք հանրայնացնել այս օրը։ Ինչպես Ապրիլի 24-ին ազգովի հարգանքի տուրք ենք մատուցում, նման վերաբերմունք պետք է ցուցաբերենք նաև Հունիսի 14-ին։ Պետք է գիտակցել և հիշել, թե ինչ է եղել և հարգանքի տուրք մատուցել Խորհրդային վարչակարգ կոչված չարիքի ձեռքով զոհ գնացած մեր հարյուր հազարավոր հայրենակիցների հիշատակին»։

Միրզոյանը ցավալի համարեց, որ ՀՀ իշխանությունները Հունիսի 14-ին չեն այցելում Բռնադատվածների հուշահամալիր, ծաղիկ չեն խոնարհում, նույնիսկ՝ ուղերձ չեն տարածում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում