Ցավում ենք, որ ՀԱՊԿ-ը դեռ չունի հստակ քաղաքական գնահատական, որ Ադրբեջանը օկուպացրել է կազմակերպության անդամ երկրի տարածքները. Հակոբյան
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև՝ անցյալ տարվա սեպտեմբերին, Ադրբեջանը լայնածավալ զինված ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության դեմ, որի հետևանքով Հայաստանի սուվերեն տարածքներից մոտ 150 քառ. կմ օկուպացված է: Այս իրավիճակում Հայաստանի համար կարևոր էր ՀԱՊԿ գործընկերների ռազմական և քաղաքական աջակցությունը։ Եվ ցավում ենք, որ մեր կազմակերպությունը (ՀԱՊԿ) դեռևս չունի հստակ քաղաքական գնահատական, որ հարձակում է կատարվել Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմանի վրա, և որ Ադրբեջանը օկուպացրել է ՀԱՊԿ անդամ երկրի տարածքները»,-նշել է Հակոբյանը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի և անվտանգության հետ կապված հարցերից՝ նա նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ այս տարվա փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել՝ իրականացնելու համար դատարանի որոշումը։
«Երեք ամիս, Լաչինի միջանցքի արգելափակմանը և հումանիտար աղետի ստեղծմանը զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը։ Ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Օրերս կրակել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի վրա, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Իսկ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվեց Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ երեք ոստիկան, ևս մեկ սպա վիրավորվեց»,-ասել է պատգամավորը:
Նա նաև ներկաներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողության սադրիչ դրսևորումները:
Կարծիքներ