Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքում հրապարակված ուղերձից, շնորհավորանքում, մասնավորապես,  նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների 14-րդ գումարման համաչինական ժողովի առաջին նստաշրջանի բարեհաջող անցկացման առթիվ և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր հմուտ ղեկավարության ներքո Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կշարունակի տնտեսական և հասարակական հետագա առաջընթացն ու իր կարևոր նպաստը կբերի միջազգային խաղաղության և կայունության ապահովմանը:

Բարձր գնահատելով հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ առավելագույն ջանքեր գործադրելու երկկողմ համագործակցության շարունակական զարգացման և ընդլայնման ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում