Մարդիկ տարհանվում են հազարներով, ՌԴ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում. Մարուքյան

Մարդիկ տարհանվում են հազարներով, ՌԴ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում. Մարուքյան

«Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հայերը հազարներով տարհանվում են Հայաստան։ Ինչո՞ւ են այս մարդիկ տարհանվում։ Որովհետև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, որի հետևանքով ոչ միայն հարյուրավոր զոհեր և վիրավորներ են գրանցվել, այլև հազարավոր խաղաղ բնակիչներ կորցրել են իրենց տները, գյուղերն ու համայնքները»։

Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով.

«Այսինքն՝ Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման և սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով բնակչությունը, որ 9 ամիս սովի էր մատնված՝

1. Բռնի տեղահանվել են իրենց տներից և նկուղներում 6 օր սոված ու ծարավ քնելուց հետո ոչ թե իրենց տները վերադառնալու, այլ իրենց պապենական հողից տարհանվելու հնարավորություն են ստացել։

2. Մենք ընդունում ենք, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։

3. Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ը և մյուս բոլոր միջազգային դերակատարները չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգության երաշխիքները՝ չնայած այն հանգամանքին, որ այս դերակատարները բազմիցս հայտարարել են իրենց միջնորդական ջանքերի ընթացքում, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու ապահովությունները պետք է երաշխավորվեն միջազգային մեխանիզմներով, որպեսզի նրանք կարողանան ապահով ապրել իրենց պապենական հողերում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում