2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի պղնձի և մոլիբդենի խտահանքի արտահանման տուրքի կիրառությունը

2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի պղնձի և մոլիբդենի խտահանքի արտահանման տուրքի կիրառությունը

Կառավարությունը 2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցնի պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը։ Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում: Մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների համար հանրագումարային վճարները վերջին անգամ վերանայվել էին 2021 թվականի աշնանը՝ մետաղական խտանյութերի արտահանման համար պետական տուրք սահմանելու եղանակով։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մետաղների միջազգային գները 2021 թվականից էականորեն բարձրացել են՝ ավելացնելով մետաղական հանքավայրերի շահութաբերությունը։

Ֆինանսների նախարարի խոսքով՝ անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ վճարների միջոցով ավելացնել նաև պետությանը մասհանվող հատվածը: Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է, որ նախորդ տարի 1 տոննա պղնձի արժեքը 6500 դոլարից հասել է մինչև 9300 դոլար։

2021 թվականին Կառավարությունը որոշեց, որ ընդերքօգտագործման վճարների չափը պետք է վերանայել, կազմակերպությունների և կառավարության միջև շահույթի բաշխման ավելի արդարացի հարաբերակցություն սահմանելու նպատակով։

«Սահմանվեց մետաղական խտանյութերի արտահանման պետական տուրք, ինչը լուծեց բարձր գների պայմաններում Կառավարության եկամուտների ավելացման խնդիրը։ 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարվեց լրացուցիչ 24․6 միլիարդ դրամ պետական տուրք։ Սակայն այսօր սահմանված տուրքերի մեծությունը կախված չէ մետաղների գների հետագա փոփոխություններից, դրանց հնարավոր նվազեցման արդյունքում, երբ կազմակերպությունների շահույթները կնվազեն, կարող են վճարողունակության ռիսկեր առաջանալ այդ կազմակերպությունների համար, իսկ հետագա գների ավելացման դեպքում ավելի բարձր շահույթներից և տուրքերից հավելյալ եկամուտներ չեն ստացվի, քանի որ տուրքերը հաշվարկվում են արտահանման ֆիզիկական ծավալների հիման վրա։

Պետական տուրքի համակարգի պարագայում հաշվի չեն առնվում նաև հանքարդյունաբերության կազմակերպություններում կատարվող ծախսերի հնարավոր փոփոխությունները, հետևաբար՝ նաև տնտեսական գործունեության շահութաբերության աստիճանի փոփոխությունը։ Այս պայմաններում հանքաարդյունաբերության ոլորտի զարգացման համար կայուն և կանխատեսելի միջավայր ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է ներդնել այնպիսի համակարգ, որն ավելի շատ է կախված ֆինանսական արդյունքներից և երաշխավորում է ոլորտում ստեղծվող նոր արժեքից արդարացի մասհանում պետական բյուջե»,- հայտարարել է  նախարարը։

Ըստ նրա՝ այս մոտեցմամբ մետաղների միջազգային գների և, հետևաբար, կազմակերպությունների շահութաբերության մակարդակի նվազման պայմաններում ռոյալթիի գծով հարկային բեռը կազմակերպությունների տնտեսական գործունեության շարունակականության ապահովման տեսանկյունից խնդրահարույց չի լինի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում