Հայտնի է Երուսաղեմի ուղեգիր շահած գյումրեցու անունը

Հայտնի է Երուսաղեմի ուղեգիր շահած գյումրեցու անունը

Այս տարի սուրբ Զատիկը Գյումրիում նշվեց մեծ տոնախմբությամբ: Եկեղեցիներում պատարագի ավարտից հետո Վարդանանց հրապարակում կայացավ համաժողովրդական հավկիթախաղ: Նախաձեռնությունը Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնին էր: Հիշեցնենք, այս միջոցառման անցկացմանը Գյումրու ավագանին, անկախ տարաձայնություններից, կողմ էր քվեարկել մարտի 29-ի նիստի ժամանակ:

«Վստահ ենք, որ նմանօրինակ միջոցառումները նպաստում են ազգային ոգու բարձրացմանը, քանի որ այսօր մենք ազգային ու ոգեղեն ամրության կարիքը շատ ենք զգում: Այն, որ այս օրերին հավկիթախաղը բոլոր տներում կազմակերպվում է, մտածեցինք, որ ոչինչ մեզ չի խանգարում, եթե այս տոնը միասնաբար նշենք, և ավանդական այս խաղը տեղափոխվի քաղաքի կենտրոնական հատված»,- ելույթի իր խոսքում հրապարակում հավաքվածներին ասաց  կառույցի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Հավկիթախաղին մասնակցելու հնարավորություն ունեցան բոլոր ցանկացողները: Նրանք ներկած ձուն ոչ թե տնից էին բերել, այլ վերցնում էին հենց տեղում: Համայնքապետարանի կողմից տրվող հատուկ տարբերանշանով ձվիկով էին մասնակցում խաղին:

Խաղի ընթացքում զատկական կերակրատեսակներ համտեսելու հնարավորություն ևս կար: Հյուրասիրությունը բոլորի համար անվճար էր: Խաղի ավարտին պարզ դարձավ հաղթողի անունը: Հավկիթախաղի 256  մասնակցից փորձությունը հաղթահարեց և նախապես խոստացված Երուսաղեմի ուղեգիրը շահեց  11- ամյա Վահան Ժամկոչյանը:

Խաղի ավարտին Վարդանանց հրապարակում հերթն ազգային ռիթմերինն էր: Բեմում էր  Ethno colors band-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում