Ընտանեկան բռնության համար պատիժները կխստացվեն, նախազգուշացումը կվերացվի․ նախագիծը հավանության է արժանացել

Ընտանեկան բռնության համար պատիժները կխստացվեն, նախազգուշացումը կվերացվի․ նախագիծը հավանության է արժանացել

Հայաստանում նախատեսվում է խստացնել ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի միջոցները, վերացնել նախազգուշացումը որպես պաշտպանության միջոց և սահմանել բռնություն գործադրած անձանց պարտադիր վերականգնողական ծրագրեր։

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը հոկտեմբերի 26-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

Նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակն է բարձրացնել բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը և ապահովել դեպքերի առավել զոհակենտրոն քննություն։

Նախագծով առաջարկվում է վերացնել նախազգուշացումը՝ որպես անարդյունավետ պաշտպանական միջոց։ Դրա փոխարեն նախատեսվում է բռնություն գործադրած անձանց նկատմամբ կանխարգելիչ հաշվառում իրականացնել։

Առաջարկվում է նաև պարտադիր դարձնել բռնություն գործադրած անձանց մասնակցությունը վերականգնողական ծրագրերին, ընդլայնել անհետաձգելի միջամտության որոշման կիրառման հիմքերը և խստացնել ընտանեկան ու կենցաղային բռնության համար նախատեսված պատժաչափերը։

Բացի այդ, նախատեսվում է ստեղծել պետական միասնական թեժ գիծ, որի միջոցով բռնության ենթարկված անձինք կկարողանան ավելի հեշտ դիմել օգնության։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ փոփոխություններով հնարավորություն կտրվի, որ բռնության դեպքերի մասին ոստիկանությանը հաղորդեն նաև այլ անձինք, ոչ միայն տուժողները։

Նախագծով նախատեսվում է նաև, որ բռնության ենթարկված անձանց ապաստարան տեղափոխելը կիրականացվի միայն նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնալու դեպքում։

Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ քննարկումը հետաձգելու առաջարկը մերժվել է։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենսդրական փաթեթին, որը կքննարկվի Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում