«Թրամփից հետո վերադարձ դեպի կայունություն»․ Al Jazeera-ն անդրադարձ է կատարել ԱՄՆ-Կանադա հարաբերություններին
Արաբական Al Jazeera լրատվական ցանցը հրապարակել է հոդված, որում հեղինակ Ջիլիան Քեսթլեր Դը Ամորսն անդրադարձ է կատարել Միացյալ Նահանգների և Կանադայի միջև հարաբերությունների հնարավոր փոփոխություններին, որոնք կարող են տեղի ունենալ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում։ Հոդվածի համար հիմք են ծառայել փորձագետների հետ հեղինակի զրույցները։
Ստորև ներկայացնում ենք հոդվածը․
1969 թվականին, Կանադայի նախկին վարչապետ Փիեռ Էլիոթ Թրյուդոն նկարագրել է Միացյալ Նահանգների հետ Կանադայի մերձեցումը և այն համեմատել փղի հետ քնելուն. «Անկախ նրանից, թե որքան բարյացակամ կամ նույնիսկ կոփված է գազանը ... ազդվում է յուրաքանչյուր ցնցումից և փնթփնթոցից»։
Մոնրեալի ՄքԳիլ համալսարանում գործող Կանադայի ուսումնասիրության ՄքԳիլ ինստիտուտի տնօրեն Դանիել Բելանդը նշել է, որ տասնամյակներ անց, Սպիտակ տանը Ջո Բայդենի ներկայությունը, Կանադայի հարավում գտնվող «փղին» ավելի կանխատեսելի կդարձնի, քան Դոնալդ Թրամփի օրոք էր։
«Թրամփի տարիները շատ ծանր էին ԱՄՆ-Կանադա հարաբերությունների համար: Դրանք իսկական «ամերիկյան բլրակներ» էին։ Բայդենի օրոք ԱՄՆ-Կանադա հարաբերություններում վերադարձ կլինի կայունությանը»,- ասել է Բելանդը:
Նա նշել է, որ Բայդենի՝ առաջին պաշտոնական հանդիպումը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ անցկացնելու որոշումը, երկու հարևանների ավելի կանխատեսելի հարաբերություններին վերադառնալու քաղաքականության մի մասն է: ԱՄՆ–ի նախագահներից շատերը արտասահմանյան իրենց առաջին ուղևորության շրջանակներում մեկնել են Կանադայի մայրաքաղաք Օտտավա՝ իրենց պաշտոնավարման առաջին ամիսների ընթացքում, չնայած Թրամփը խուսափել է այդ ավանդույթից, և 2017 թվականին իր առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակներում այցելել է Սաուդյան Արաբիա։
«Հակառակ նրան, որ Բայդենի և Թրյուդոյի հանդիպումը տեղի է ունենալու առցանց ձևաչափով՝ հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը, առաջին արտասահմանյան հանդիպման շրջանակներում Կանադա մեկնելն ուղերձ է: Բայդենը հավատարիմ է ավանդույթին, և կարծում եմ, որ սա ազդանշան է, որ Կանադան դեռևս Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է»,- նշել է Բելանդը:
Երկու պետությունները կիսում են աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը, իսկ երկկողմ առևտուրը, համաձայն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տվյալների, 2019 թվականին կազմել է 725 միլիարդ դոլար:
Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-Կանադա հարաբերությունները «փորձությունների միջով են անցել», ինչը Կանադային և Մեքսիկային ստիպել է վերանայել Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագիրը (NAFTA)։
Չնայած Թրյուդոն փորձել է ջերմ կապեր պահպանել Թրամփի հետ՝ 2019 թվականին ԱՄՆ–ի նախկին նախագահը Թրյուդոյին «երկերեսանի» է անվանել այն բանից հետո, երբ համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում Կանադայի վարչապետն աշխարհի այլ առաջնորդների հետ ծիծաղում է Թրամփի մամուլի ասուլիսի վրա:
«Այնուամենայնիվ, Թրամփի պաշտոնավարման տարիներին ԱՄՆ-Կանադա կապերը ամուր են մնացել: Սակայն հիմա Թրյուդոն ավելի շատ ընդհանրություններ ունի Բայդենի հետ, քան Թրամփի հետ է ունեցել»,- ասել է Նովա Սքոթիայի Սուրբ Ֆրանսիս Խավիեր համալսարանում գործող Բրայն Մուլրոնի ինստիրտուտի տնօրեն Դոնալդ Աբելսոնը։
Նա նշել է, որ երկու առաջնորդները նախկինում էլ են անձամբ հանդիպել, երբ Բայդենն ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնն է զբաղեցրել:
«Շատ կարևոր է, երբ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների վրա եք կենտրոնանում՝ ունենալու վարչապետ և նախագահ, որոնք կարող են լավ հարաբերություններ ունենալ, և ովքեր ի վիճակի են հայտնաբերել ընդհանուր մտահոգություններ և առաջ շարժվել համար կառուցողական ուղիներ գտնել», - ասել է Աբելսոնը։
Երեքշաբթի իրենց հանդիպումից առաջ ղեկավարներն ասել են, որ անհամբեր սպասում են երկրների միջև հարաբերությունների խորացմանը, և Թրյուդոն նշել է, որ քննարկելու են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի, աշխատատեղեր ստեղծելու և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղիները:
Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Կանադան, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ապահովելու ուղղությամբ աշխատանքներ են տանում՝ համաճարակը հսկողության տակ առնելու նպատակով և ուղիներ են փնտրում՝ իրենց տուժած տնտեսությունները խթանելու համար:
Աբելսոնը նաև նշել է, որ երկու առաջնորդները քննարկելու են էներգետիկ քաղաքականությունը, ինչպես նաև Բայդենի վարչակազմի ջանքերը` վերամիավորվելու բազմակողմ հաստատությունները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը:
Թրյուդոն, սակայն, հիասթափություն է ապրել կանադական Keystone XL գազատարի վերաբերյալ Բայդենի որոշումից։ Նա նաև կցանկանա, որ աճող «Գնիր Ամերիկա» շարժման ֆոնին, որի նպատակն է առաջնահերթությունը տալ Միացյալ Նահանգների արտադրողներին, Կանադայի հետ առևտուրը Բայդենի համար առաջնահերթ մնա: Ալբերսոնն ասել է․ «Վարչապետ Թրյուդոն ցանկանում է համոզվել, որ կանադացի արտադրողները կտրված չեն հավասարումից»։
Բելանդը հավելել է, որ Թրյուդով պետք է զգույշ լինի․ «Մենք պետք է դիվանագիտական մոտեցում ցուցաբերենք, քանի որ գիտակցում ենք, որ եթե երկու երկրների հարաբերությունները փչանան… դա իսկապես ծախսատար կլինի։ Նման համավարակային ժամանակաշրջանում մենք իսկապես պետք է համագործակցենք ԱՄՆ-ի հետ սահմանային վերահսկողության և հանրային առողջության, սակայն հատկապես տնտեսական հարցերի շուրջ»:
Բելանդի փոխանցմամբ՝ Չինաստանը նույնպես հանդիպման քննարկման թեմաների շարքում է։
Օտտավայի և Պեկինի միջև լարվածությունն աճել է 2018 թվականից ի վեր, երբ Չինաստանի իշխանությունները բերման են ենթարկել երկու կանադացիների այն բանից հետո, երբ իրավապահները ձերբակալել են Huawei- ի գործադիր տնօրեն Մենգ Ուանժոյին՝ ԱՄՆ–ին արտահանձնելու խնդրանքով:
ԱՄՆ-ն Մենգին մեղադրել է խարդախության համար, ինչը նա հերքել է, և նրա արտահանձնման գործը դեռևս կանադական դատարանում է գտնվում, իսկ Կանադան պնդում է, որ Չինաստանը ձերբակալել է Մայքլ Սփավորին և Մայքլ Կովրիգին՝ Մենգի ձերբակալության համար վրեժ լուծելու նպատակով: Պեկինը, որը մեղադրել է զույգին լրտեսության համար, մերժում է այդ մեղադրանքը:
Կանադան, ԱՄՆ-ն և 56 այլ պետություններ անցյալ շաբաթ բանաձև են ստորագրել, որով դատապարտում են քաղաքական նպատակներով իրականացված կալանքը: Չնայած ստորագրող կողմերը նշել են, որ բանաձևը տարածվում է աշխարհի երկրների վրա, այն Չինաստանի նկատմամբ հանդիմանություն է դիտվում:
Կանադա-Չինաստան լարվածությունը, հավանաբար, էլ ավելի կսրվի այն բանից հետո, երբ երկուշաբթի Կանադայի խորհրդարանը ոչ պարտադիր միջնորդություն է ընդունել, որում արևմտյան Սինցզյան նահանգում ույղուր մահմեդական փոքրամասնության նկատմամբ Պեկինի վերաբերմունքը որակել է որպես ցեղասպանություն:
Միջնորդության ընդունումից առաջ Կանադայում Չինաստանի դեսպան Քոնգ Պեյիուն մերժել է ցեղասպանության մեղադրանքը և Օտտավային հորդորել «դադարեցնել Չինաստանի ներքին գործերին միջամտությունը»՝ երկրների հարաբերությունների վատթարացումից խուսափելու նպատակով:
Կարծիքներ