Ի՞նչ քիմիական զենք է կիրառել Ադրբեջանը. ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ

Ի՞նչ քիմիական զենք է կիրառել Ադրբեջանը. ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: «Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ»,-գրել էր նա:

Ընդ որում, դրանք այն անտառներն են, որտեղ թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից խաղաղ բնակիչներ են պատսպարվում:

Արման Թաթոյանը կից տեղադրել էր նաև վերջինիս մասին հավաստող տեսագրություն:

Ի՞նչ զենքի մասին է խոսքը

Այն ֆոսֆորային զինամթերքի տեսակ է՝ լիցքավորված ֆոսֆորով և այլ նյութերով: Ընդհանրապես, սպիտակ ֆոսֆորն ու այն պարունակող այլ նյութերի բաղադրությամբ զինատեսակները ինքնահրկիզվող են, որոնք այրվում են օդից թթվածնի օգտագործմամբ:

Գոյություն ունեն ֆոսֆոր պարունակող զինամթերքի տարբեր տեսակներ: Դրանք են՝

 

  • օդային ռումբեր
  • հրետանային արկեր
  • հրթիռներ և ռեակտիվ արկեր
  • հրետանային ականներ
  • ձեռքի նռնակներ

Այրվելիս սպիտակ ֆոսֆորը անջատում է մինչև 1300 ° C տաքություն: Ֆոսֆորի զինամթերքի այրման ջերմաստիճանը կախված է մի շարք պայմաններից (օգտագործված զինամթերքի տեսակը, ջերմաստիճանը և օդի խոնավությունը և այլն): Մարդու մաշկին ընկնելիս այն խոր այրվածքներ է առաջացնում: Սակայն բացի դրանից, ֆոսֆորը նաև համարվում է թունավոր նյութ մարդու համար:

Ի՞նչպես պաշտպանվել ֆոսֆորային ռումբերից. պարզ կանոնններ

1. Պետք է հնարավորինս պաշտպանել բաց մաշկը՝ ֆոսֆորային կրակի հետևանքով առաջացած այրվածքներ ստանալուց. Դրանք շատ երկար չեն բուժվում և ուժեղ ցավ են պատճառում։

2. Պարտադիր պետք է պաշտպանեք շնչառական օրգանները. Ֆոսֆորի այրման ժամանակ անջատվում է այնպիսի թունավոր գազ, որ ածխաթթու գազը կարելի է համարել անվտանգ բան։ Այդ թունավոր գազից շղարշային (марлевая) վիրակապը կպաշտպանի 10-15 %-ով, շնչառական դիմակը (респиратор)՝ 50 %-ով, ճիշտ ֆիլտրով հակագազը (օրինակ ՝ ГП-7В կամ սովորական «համստերը»՝ 90% -ով։

3. Պարտադիր պետք է պաշտպանել տեսողական օրգանները. Դրանց վրա ազդեցությունը կարող է լինել ճակատագրական և հասցնել լիակատար կուրության: Դրա համար հերմետիկ ակնոցները հարմար են, բայց պետք է նկատի ունենալ, որ բարձր ջերմաստիճանում պլաստմասան արագ հալվում է, ուստի ապակե ոսպնյակներով հակագազն ավելի լավ է, իսկ կաուչուկե ռետինը ավելի երկար կդիմանա, քան պլաստիկը:

4. Եթե հայտնվել եք հարվածի գոտում՝ պատսպարվեք այնպիսի շինությունում, որն այրվելու քիչ հավանականություն ունի (բետոնե և քարե կոնստրուկցիաներ` առանց շինարարության մեջ փայտյա և այլ դյուրավառ նյութերի օգտագործման: Չթաքնվել նկուղներում, քանի որ հրդեհը կարող է արգելափակել ելքը, և ստորին տեղանքում բավականաչափ թունավոր նյութեր կուտակվելով՝ դուք պարզապես շնչահեղձ կլինեք: Ստորգետնյա ապաստարան մտնել միայն այն դեպքում, երբ որի մուտք ունի դեպի այլ բաց տարածք տանող ելք:

5. Հարվածից անմիջապես հետո հեռացեք հարվածային գոտուց: Անմիջապե՛ս։

6. Չմոտենաք էպիկենտրոնին, չնայեք պայթյունին. Ֆոսֆորի այրման ջերմաստիճանը 1200 աստիճան է, այն ակնթարթային հալեցնում է ամեն ինչ՝ ինչ կա ձեր վրա, ներառյալ մաշկը, իսկ անմիջական էպիկենտրոնում՝ նաև ողջ մարմինը:

7. Հեռու մնացեք ռազմավարական օբյեկտներից և մարդաշատ վայրերից՝ հարվածի ամենահավանական տեղանքներից:

8. Հարվածի պայթյունից առաջացած թունավոր գազերն արագ տարածվում են օդում ՝ մեծ տարածության վրա։ Մինչև ապաստարան կամ տարհանման վայր հասնելը՝ պետք է պաշտպանել շնչառական օրգաններն ամբողջ ճանապարհին և ունենալ փոխարինելի շատ ֆիլտրեր՝ հակագազի համար (եթե կարող եք գտնել)։ Եթե հակագազ կամ այլ պաշտպանիչ միջոցներ չկան՝ ունեցեք մաքուր սառը ջուր և կտորեղեն՝ աչքերը, քիթը և բերանը խոնավ լաթերով փակելու և պաշտպանելու համար։ Եթե չկա ջուր և լրացուցիչ կտորեղեն՝ հանեք որևէ հագուստեղեն ձեր վրայից, միզեք վրան և դրանով փակեք տեսողական և շնչառական օրգանները։

9. Ոչ մի դեպքում չշփվել պղնձի սուլֆատի (պղնձարջասպի) և կալցիումի կարբոնատի (կավճի, կրի, կրաքարի, մարմարի և այլնի ) հետ: Այս նյութերի փոխազդեցությունը սպիտակ ֆոսֆորի հետ՝ առաջացնելու է կրկնակի թթվային այրվածքներ:

10. Սպիտակ ֆոսֆորը մարմնի որևէ հատվածի վրա ընկնելուց հետո՝ խուճապի չմատնվել ու ձեռքով արագ-արագ չշփել, որպեսզի ավելի մեծ մակերեսի վրա չտարածվի։ Այն շփումից չի հանգելու, միայն ավելի է տարածվելու։ Եթե ձեռքի տակ սառը ջուր կա՝ միայն սառը ջուր լցնել վրան, բայց այնպես, որ մարմնի այլ մասերով չհոսի այդ ջուրը, քանի որ այն նույնպես կարող է տարածվել։ Մաքրվում է ամբողջական, երբ մեծ քանակությամբ ջուր է ոռոգում (հորդում):

Ֆոսֆորային այրվածքները սովորաբար խորն են, քանի որ երբ այն մաշկի վրա է թափվում՝ ֆոսֆորը շարունակում է այրվել: Ֆոսֆորի այրվածքներից սխտորի հոտ է գալիս, մթության մեջ լույս են տալիս և անգամ այրվածքի կեղևային մասը հեռացնելուց հետո՝ շարունակում են ծխալ: Սպիտակ ֆոսֆորը թունավոր է, այն ներծծվում է արյան մեջ ՝ առաջացնելով նյարդային, սրտանոթային համակարգի, լյարդի և երիկամների լուրջ խանգարումներ: Ֆոսֆորը մարում են սառը ջուր լցնելով և թաց վիրակապ կիրառելով: Քիմիական ճանապարհով ֆոսֆորը «չեզոքացվում» է 5%-ոց կալիումի պերմանգանատով, 3%-անոց ջրածնի պերօքսիդով՝ սոդայի հագեցած լուծույթում:

Ֆոսֆորային այրվածքների դեպքում առաջին բուժօգնության կանոններ

1) մարմնի այրվածք ստացած մակերևույթն անհապաղ ընկղմել սառը ջրում կամ ոռոգել սառը ջրի մեծ քանակությամբ։

2) այրված մակերեսը ֆոսֆորի կտորներից մաքրել պինցետներով։

3) թունավոր այրման արտադրանքները հեռացնելու նպատակով օգտագործվում են երկածխաթթվային սոդայի 5% լուծույթով թրջոցներ:

4) 3% ջրածնի պերօքսիդի լուծույթով առատ լվացում ՝ ֆոսֆորը օքսիդացնելու համար՝ մինչև ֆոսֆորական անհիդրիդի վերածվելը։

5) Մարմնի այն հատվածները, որտեղ կարող է մնալ սպիտակ ֆոսֆոր, պետք է անընդհատ խոնավ պահել, քանի որ այս նյութը կարող է նորից բռնկվել՝ մթնոլորտային թթվածնի հետ շփվելիս: Կարևոր է մարմնի վնասված բոլոր հատվածների մանրակրկիտ բուժումը, քանի որ մաշկի վրա մնացած ֆոսֆորը կարող է առաջացնել համակարգային թունավորումներ։

6) Բացառեք քսուքային վիրակապերի կիրառումը, որոնք կարող են ուժեղացնել ֆոսֆորի ֆիքսացիան և ներծծումը (կլանումը) մարմնի կողմից:

7) Աչքերը, քիթը, բերանը լվանալ կերակրի սոդայի 2%-ոց լուծույթով։

8 ) Աչքերի ցավի դեպքում աչքերի մեջ կաթացնել դիկաինի (Dikain) 0.5% լուծույթի 2-3 կաթիլ։

9) Ներարկել ցավազրկողներ, ացետիլցիստեին՝ եթե հակացուցումներ չկան:

10) Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ցուցաբերել առաջին բուժօգնություն և հոսպիտալացնել տուժածներին:
 

Պարզվում է՝ նման զինատեսակ առաջին անգամ չէ կիրառում Ադրբեջանը

Ֆոսֆորային զինատեսակներ Հայաստանի դեմ Ադրբեջանը նաև կիրառել է դեռևս 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ: Այդ ընթացքում եղան առաջին հիշատակման դեպքերը՝ ադրբեջանցիների կողմից ռազմագծում այդ հակամարդկային միջոցի կիրառման մասին, չնայած դրա կիրառման մեղքը փորձում էր բարդել հայկական կողմի վրա։

Այս զինատեսակը նաև կիրառվել է Սիրիայի հյուսիսում 2018 և 2019 թվականներին, այդ ժամանակ էլ Թուրքիայի կողմից՝ քրդերի դեմ։

 

Ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ նմանատիպ քիմիական զենքի կիրառումը Ադրբեջանի համար

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ թշնամու կողմից քիմիական զենքի կիրառման հանգամանքը աննախադեպ և անգահատելի քաղաքական և դիվանագիտական զենք է Հայաստանի ձեռքին: 

«Հայաստանի ղեկավարությունը պարտավոր է հանդես գալ անգլերեն լեզվով դիմումով` հեռուստաուղերձով` ուղղված միջազգային հանրությանը և պահանջել ՄԱԿ-ի շրջանակներում արագացված հատուկ հետաքննություն: Նույնը պարտավոր է անել ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունը` Հայաստանի անունից դիմելով Անվտանգության Խորհրդին: Սա բացառիկ հնարավորություն է ահռելի ճնշում կիրառելու և թշնամու դեմ հսկայական միջազգային բարոյական ալիք գեներացնելու»,- գրել է նա:

Քաղաքագետը սակայն նկատում է, որ մինչ այժմ Հայաստանը հապաղում է՝ գրելով.


«Ապշեցուցիչ է, որ մինչ այս պահը դա դեռ չի արվել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում