Թուրքերը սկզբում ասել են՝ մեզ մոտ են անասունները, հետո երբ տղաս գնացել է, ատկազ են կանգնել. Շուռնուխի բնակիչ
Անասունները ոչ թե իրենք են անցել հակառակորդի տարածք, այլ քշել տարել են: Այս մասին նշեց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի գնակիչ Գավրուշ Հակոբյանը, որի 13 մայր կովերը մարտի 26-ին ադրբեջանցիները քշել տրել են ադրբեջանական Սեյթազ գյուղ:
«Խնդիրն այն է, որ սահմանն այդ տարածքում հստակ չի, պաշտոնապես դեռ ոչ մեկը ոչ մի բան չի ասել, ու ոչ էլ գիտենք, թե կոնկրետ մեր գոմի տարածքն ումն է: Մեր գոմը Շուռնուխից 500 մետր հեռավորության վրա գտնվող Կապանի ճանապարհի վրա է, անտառի մեջ: Ադրբեջանական պոստը մեր մոտից ուղիղ գծով մոտ 200 մետրի վրա է, էդ պոստը գյուղի մեջ է»,-ասաց նա:
Ներկայացնելով դեպքը, Գավրուշ Հակոբյանն ասաց. «Ուրբաթ օրը գոմում են եղել անասունները: Ժամը 4-5-ի կողմերը տեսել ենք, որ չկան: Մի քիչ առաջացել ենք, շատ չէինք կարող առաջանալ, տեսել ենք, որ կովերը դեպի այդ կողմ են գնացել: Տեսնելով, որ հույս չկա, չեն երեւում, ռուս սահմանապահներին ենք տեղյակ պահել: Մինչեւ էսօր հարցը օդից կախված է մնացել: Ես հաջորդ օրը ինքս առաջացել եմ, եւ մարդու հետք եմ տեսել, եւ անասունի, այսինքն հասկացել եմ, որ քշել տարել են: Դե գոմից մի 50-100 մետր հեռավորության վրա քշել են, տարել: Ձորն անցել են, հեռվից նկատել են, եկել են տարել:
Սահմանապահներն ինձ տեղեկացրին, որ ադրբեջանցիները կապի են դուրս եկել եւ ասել, որ 10-ից ավելի անասուն իրենց մոտ է: Մեզ ասացին, որ երեկոյան իջնենք անասունների հետեւից: Տղաս էլ է իջել, տեսել ենք, որ ներքեւի Սեյթազ գյուղում իրենց դիրքերն է: Տղաս հետքերը տեսել է, բայց թուրքերն ասել են՝ մենք կով չենք տեսել: Հաջորդ օրը պետք է գնային, բայց էդպես էլ չեն գնացել: Փաստորեն թուրքերն ասել են՝ մեզ մոտ է, հետո «ատկազ են կանգնել»: Պատճառը չգիտեմ: Ադրբեջանցին մոտեցել է ռուս սահմանապահին, խոսել է, տղայիս չեն թողել մոտենա: Հետո վերադարձել է, ասել է՝ ադրբեջանցին ասում է՝ մենք կով չենք տեսել: Հիմա էլ ռուսներն ասում են՝ թուրքերը չեն թողնում իրենց տարածք մտնենք: Երկրորդ օրը թողել են, հիմա չեն թողնում»:
Հարցին, թե հայկական կողմը որեւէ բան չի՞ ձեռնարկում, գյուղացին ասաց. «Մերոնք միայն ռուսների միջոցով են գործում, ռուսներն ինչ ասում են, մերոնք պոչտալյոնի դերում են: Ես տեսնում եմ, որ սա անիմաստ խաղեր են, ոչինչ էլ չի ստացվի»:
Գավրուշ Հակոբյանն ասաց, որ ինքն էլի անասուններ ունի, բայց դրանք մայրացուներն էին, որոնք տարեկան պետք է 500 դոլար եկամուտ տային:
Նա տեղեկացրեց, որ իր լավագույն փոխհատուցումը կլիներ, եթե կովերը հետ բերեին, իսկ եթե չբերեն, ապա այլ տեսակի փոխհատուցման հարցը հետագայի հարց է:
Գավրուշ Հակոբյանը նշեց, որ իրենց արոտավայրերի 70 տոկոսն այն տարածքներում են, որոնք կամ արդեն անցել են Ադրբեջանին: Նրա խոսքով, իրեն խոստացել էին, որ փշալարեր կտեղադրեն, որ անասունները չանցնեն հակառակորդի տարածք, բայց մինչ օրս չեն տեղադրել:
Նշենք, որ Գավրուշ Հակոբյանի ընտանիքում 7 անձ է ապրում, այդ թվում երկու թոռները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ուրբաթ օրը ադրբեջանցիները գողացել են Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ Անասունների հետքերով ֆերմերի որդին, ռուս խաղաղապահների հետ գնացել է այդ գյուղը, որտեղ ասել են՝ հա, կտանք ձեր անասուններին ու էդպես էլ մինչ օրս չեն վերադարձրել։
Ադրբեջանցիները գողացել են Շուռնուխի բնակչի 13 մայր կովերն ու քշել ադրբեջանական տարածք. Նաիրա Զոհրաբյա
Կարծիքներ