ՄՕԿ-ն անհանգստություն է հայտնել Բռնցքամարտի ֆեդերացիայի՝ Երևանի կոնգրեսում կայացված որոշման պատճառով

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) լրջորեն անհանգստացած է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահի վերընտրության չեղարկումով, որի արդյունքում Ռուսաստանի ներկայացուցիչ Ումար Կրեմլյովը պահպանեց ղեկավարի պաշտոնը։
Այս մասին , ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից։ Կրկնակի ընտրությունները չեղարկելու մասին որոշումն ընդունվել է կիրակի օրը Երևանում կայացած արտահերթ համագումարում։ Կոնգրեսի 106 պատվիրակ դեմ է քվեարկել նոր նախագահական ընտրությունների անցկացմանը, 36-ը՝ կողմ, չորսը ձեռնպահ են մնացել։ Այս ամենի արդյունքում, Կրեմլյովը մնացել է նախագահի պաշտոնում և կառույցը կղեկավարի ևս 4 տարի: «ՄՕԿ-ը չափազանց անհանգստացած է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) արտահերթ համագումարով: Այլ տագնապալի ազդանշանների թվում, բացի այն, որ եղել է միայն ընտրությունների անցկացումը մերժելու քվեարկություն, և ոչ բուն ընտրություններ, դրան գումարվել է Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիայի կասեցումը IBA-ի համագումարից քիչ առաջ՝ վիճելի մեղադրանքների հիման վրա, ինչպես նաև քվեարկության ընթացակարգի քաոսային հանգամանքներ են եղել»։ ՄՕԿ-ում նշել են, որ վերջին զարգացումները կքննարկվեն կազմակերպության հաջորդ գործադիր կոմիտեում։
2019-ին ՄՕԿ-ը կասեցրեց IBA-ի աշխատանքը, որը կանգնած էր ֆինանսական և կառավարման ճգնաժամի առաջ: Միջազգային ֆեդերացիան պետք է բարեփոխումներ իրականացներ ՄՕԿ-ի պահանջներին համապատասխան, սակայն մինչ այժմ դրանք մասամբ են իրականացվել։ IBA-ի կասեցման հետ կապված՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք խաղերում օլիմպիական մրցումների կազմակերպման խնդիրը ստանձնել է ՄՕԿ-ը, մինչդեռ բռնցքամարտը դեռ 2028 թվականի Լոս Անջելեսի օլիմպիական ծրագրում չկա։ Կրեմլյովը ղեկավարել է IBA-ն (նախկին AIBA) 2020 թվականի դեկտեմբերից, մայիսի 14-ին նա վերընտրվել է կազմակերպության նախագահի պաշտոնում ոչ այլընտրանքային հիմունքներով։ Ընտրություններում Կրեմլյոի մրցակիցը պետք է լիներ Բորիս վան դեր Ֆյորսթը, սակայն ընտրությունների նախօրեին հոլանդացուն հեռացրին։ Հունիսի 14-ին Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) բավարարեց վան դեր Ֆյորսթի բողոքը՝ ասելով, որ նա թույլ է տվել մի փոքր խախտում, որը չպետք է ազդեր ընտրություններին մասնակցելու իր իրավասության վրա։ Կրեմլյովը 39 տարեկան է. 2017-2021 թվականներին նա զբաղեցրել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Կարծիքներ