Չենք տապալում ընտրությունը, կարող էինք նաև չընտրել. Մանավազյանը՝ Արամ Վարդևանյանին ընտրելու որոշման մասին
«Ընդդիմությունը մեր թեկնածուներին կողմ ձայն չի տվել, թեև առավել քան արժանի էին մեր թեկնածուները։ Ամեն դեպքում խմբակցության որոշում ունենք, որ բավարար ձայներ տրամադրենք, այսինքն՝ չենք տապալում ընտրությունը, թեև համամիտ չեմ այն կարծիքի հետ, որ դա մեր պարտավորությունն է։ Կարող էինք նաև չընտրել, և ընդդիմությունը ստիպված լիներ երկրորդ, երրորդ անգամ թեկնածու առաջադրել»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը՝ մանրամասնելով, որ իշխող խմբակցությունից 13 պատգամավոր ընտրելու է Արամ Վարդևանյանին, խմբակցության ներսում որոշվել է, թե ովքեր են լինելու ընտրողները:
Լրագրողի հարցին՝ դիրքորոշման փոփոխությո՞ւն է եղել ընդդիմության հետ ավելի կառուցողական դաշտ մտնելու հարցում, Մանավազյանը պատասխանել է, որ նախորդ 5 տարիներին հնարավոր ամեն բան արվել է Ազգային ժողովի վարկանիշը նսեմացնելու և ցածրացնելու համար, և այսօր պետք է աշխատանքով, պահվածքով, նաև խոսքի բարեվարքությամբ փորձել ավելի կառուցողական դաշտ բերել ԱԺ աշխատանքը:
«ԱԺ նախագահը «զրոյական կետ» է հայտարարել և կոչ է արել, որ Ազգային ժողովում որևէ սահման չհատվի, և աշխատանքային կառուցողական մթնոլորտում անցնեն բոլոր քննարկումները, չնայած բոլոր սուր քննադատություններին և հայտարարություններին՝ դրանք քաղաքական տեքստեր են, որոնք հնչելու են, լինելու են և միշտ լինելու են քննադատություն ու սուր ելույթներ»,- ասել է Մանավազյանը:


Կարծիքներ