Ջանքերն ուղղել անվտանգության խնդիրների լուծմանը. պատգամավորներն՝ Անկախության օրվա և առաջնային անելիքների մասին

Ջանքերն ուղղել անվտանգության խնդիրների լուծմանը. պատգամավորներն՝ Անկախության օրվա և առաջնային անելիքների մասին

Հայաստանն իր անկախության 30-րդ տարեդարձը տոնում է այլ պայմաններում, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմի հետևանքով կորսվել են տարածքներ, զոհվել են հայորդիներ, Հայաստանի առջև ծառացել են անվտանգության որոշ խնդիրներ:

 Հայաստանի Անկախության տոնի և երկրի առաջնային, կարևոր անելիքների մասին զրուցել է Ազգային ժողովի պատգամավորների հետ:

«Եթե աշխարհում գոյություն ունի շուրջ 200 պետություն, և դրանցից մեկը քո պետությունն է՝ շնորհիվ իր անկախության, դա մեծ արժեք է՝ այն իմաստով, որ լինելով բազմաթիվ ժողովուրդներից մեկը՝ կարողացել ես քո պետականությունը կերտել անկախության շնորհիվ»,-ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Բագրատյանն անկախության 30 տարիների ամենամեծ ձեռքբերումներից է համարում ազգային ինքնության վերահաստատումը:

«Մեր պետականության վերջին 30 տարում կարողացանք վերակերտել պետականության գաղափարախոսությանը, մեր ազգային ինքնությունը»,-նշեց նա:

Պատգամավորը շեշտեց՝ ռազմական գործիչներ, անվանի մտավորականներ պետականության համար կյանքեր են նվիրել: «Իսկ 18-ամյա երիտասարդներն  իրենց կյանքը զոհելով՝այդ պետականությունը կարողացան այլ կերպ մատուցել հանրությանը, և մեր պատկերացումները շատ ավելի բյուրեղացան»,-նշեց  նա:

Պատգամավորը ներկայում խիստ արդիական է համարում ներքին համերաշխության, համազգային նոր գաղափարների կերտումը:

«Մենք, առաջին հերթին, նպատակի շուրջ պետք է կարողանանք համախմբել մեր հանրությանը: Մեր ընտրանին պետք է կարողանա ձևավորել նոր գաղափարախոսություն: Մենք կարծես մի գաղափարի շուրջ համախմբվեցինք, որտեղ կորուստներ ունեցանք, և նոր գաղափար է անհրաժեշտ՝ վերարժևորելու և կարողանալու հայի հավաքական կերպարը նորից ունենալ, որպեսզի կարողանանք մեր անվտանգության, տնտեսական խնդիրները լուծել»,-ասաց նա ու հավելեց՝ կորստի վտանգը, ռիսկերը պետք է կարողանալ նվազեցնել միայն համազգային համախմբվածությամբ:

Անվտանգության  ապահովման համար պատգամավորը կարևորեց հզոր տնտեսություն, կայացած առողջապահություն, համարժեք կրթություն ունենալը: «Խիստ կարևոր է նաև աշխարհաքաղաքական անվտանգության համակարգերին մեր անվտանգությունը համադրելու հնարավորությունը: Ավելի բազմավեկտոր անվտանգության համակարգ ձևավորելու խնդիր ունենք: Եվ այդ ճանապարհի մեջ խիստ կարևորելով մեր ռազմավարական դաշնակցին՝ պետք է կարողանանք նաև որոշ չափով դիվերսիֆիկացնել մեր հնարավորություններն անվտանգության առումով»,-նշեց նա:

Բագրատյանը նկատեց՝ շատ ցավալի հոգեվիճակում ենք, հետպատերազմյան սինդրոմը դեռևս հաղթահարված չէ: «Սեպտեմբերի 21-ը պետք է լինի մեր անկախությունը կերտած զավակների, նահատակների առջև խոնարհումի օր»,-ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է Անկախության օրվա միջոցառմանը՝ պատգամավորը նշեց, որ չպետք է այն ցավագին ընդունել, այն ուղղված է լինելու նահատակներին և նահատակների շնորհիվ ամրապնդված անկախությանը:

«Բոլորս պետք է այս անկախության տոնի առիթով ևս մեկ անգամ մտորենք, խոնարհվենք, արժևորենք մեր պետականությունը, և դառը պատմական փորձը հաշվի առնելով՝ մեր ներազգային խնդիրներում խրամատներ չփորենք: Դարավոր իմաստութունը կարողանանք կիրառել ի շահ պետության: Մեր անկախությունը միշտ կորցրել ենք այն ժամանակ, երբ ներիշխանական, ներպետական խլրտումների դաշտ ենք մտել, երբ կարևորել ենք խմբային շահերը, լոկալ շահերը՝ համազգային շահերից»,-ասաց նա:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ նշեց՝ դժվար է խոսել անկախության 30 տարիների ձեռքբերումներից, երբ Հայաստանի անկախության 30-ամյակն ամփոփում ենք Արցախի տարածքային կորուստներով, Հայաստանի տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայով և Հայաստանի տարածքներում ադրբեջանական զորքերի ապօրինի ներկայությամբ: Պատգամավորի կարծիքով՝ 30-ամյակը մեկ այլ պարագայում կարելի էր արժևորել այդ 3 տասնամյակների  ձեռքբերածներով, սակայն, ինչպես ինքը նկատեց, հիմա այս օրը, ցավոք, լուրջ հիշատակելու առիթ և տրամադրություն չկա:

«Մեր ձեռքբերումներն Արցախը, Զինված ուժերն էին, պետական կառավարման համակարգը, որ  որոշակի բյուրեղացում էր ստացել, բայց այդ պատերազմական գործողություններից հետո մեր ձեռքբերումները հօդս ցնդեցին, կորցրեցինք շատ ավելին, քան ձեռք էինք բերել: Եվ այս պարագայում շատ դժվար է արժևորել և գնահատականներ հնչեցնել այս տարիներին մեր ունեցածի և չունեցածի հետ կապված»,-ասաց Աբրահամյանը:

Ըստ պատգամավորի՝ առաջիկայում շատ-շատ կարևոր անելիքներ կան:

«Առաջինը կապված է բանակցային գործընթացում Արցախի հարցի ճիշտ դիրքավորմամբ, Արցախի հետ կապված մեր առաջնահերթությունները օրակարգ բերելու հետ, առաջնահերթն Արցախի կարգավիճակի հարցն է, որը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման վրա: Երկրորդ հարցը Հայաստանի անվտանգության, անձեռնմխելիության ապահովումն է: Այս պարագայում մի փոքր բարդ է այդ ամենի մասին խոսելը, որովհետև, նույնիսկ իրականացվելիք աշխատանքների մասով մենք ճիշտ ճանապարհին չենք: Ցավալիորեն, այսօր խնդիր է առաջացել ոչ միայն Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների անվտանգության ապահովման համար»,-ասաց Աբրահամյանն ու շեշտեց՝  համակարգային առումով բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն այդ նպատակների իրականացմանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում