Հազվագյուտ թռչնատեսակի զույգ է նկարահանվել (տեսանյութ)
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում
անտառապահները հազվագյուտ թռչնատեսակներից գառնանգղի /մորուքավոր
անգղ; Gypaetus barbatus/ բնադրող զույգ են ֆիքսել։
Հայաստանի յուրահատուկ թռչնաշխարհը մշտապես գտնվում է «ԱրԱվես»
ՀԿ-ի (Ar=Armenia/Հայաստան, Aves=Birds/Թռչուններ) և Կովկասյան
կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների ուշադրության
կենտրոնում։ «ԱրԱվես» ՀԿ-ը ակտիվորեն զբաղվում է Հայաստանի հարուստ
թռչնաշխարհի ուսումնասիրությամբ և անչափ կարևորում է հատկապես անգղերի
պոպուլյացիայի կայուն դինամիկան։
Նկարահանված թռչնատեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր
գրքում, սակավաթիվ և վտանգված տեսակ է: ՀՀ կարմիր գրքի տվյալների
համաձայն՝ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգեր: Գառնանգղի
պոպուլյացիան նվազում է նաև ամբողջ աշխարհում։
Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ
Կարմիր ցուցակում և 2014թ․-ից հետո տրվել է «Near threatened» կարգավիճակ: ՀՀ
ԿԳ տվյալներով՝ գառնանգղի թվաքանակի վրա ազդում է թունաքիմիկատների
օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում,
ապօրինի որսը, թակարդներով բռնելը, ինչպես նաև կերային ռեսուրսների
կրճատումը:
Մորուքավոր անգղը բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ
տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800-
2000 մ բարձրություններում: Ձվադրում է հունվարի սկզբից մինչև փետրվարի
կեսերը: Տարեկան ձվադրում են մեկ ձու: Սնվում է կենդանիների դիակներով,
հիմնականում` մանր և միջին չափերի, երբեմն՝ խոշոր եղջերավոր կենդանիների:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է
մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝
բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։
Տարածքը
մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական
ուշադրության և հսկողության տակ։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի
է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների, ինչպիսին է նաև
գառնանգղը։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային
արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:
Կարծիքներ