Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունների ֆինանսական բեռը կթեթևանա

Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունների ֆինանսական բեռը կթեթևանա

Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունները երթուղին սպասարկելու համար իրավունք ստանալուց հետո պետական տուրք կվճարեն ոչ թե ամեն տարի, այլ ընդամենը մեկ անգամ:  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հիշեցրեց, որ մինչև 2014 թվականը կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման  գործընթացը լիցենզավորման ենթակա գործունեություն էր: Լիցենզիան տրվում էր անժամկետ, որի համար սահմանված էր 100 հազար դրամ տարեկան պետական տուրք: 2014-ին իրականացված փոփոխության արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պահանջը հանվել է, իսկ տարեկան պետական տուրքի պահանջը պահպանվել է: Պետական տուրքի մասին ՀՀ օրենքով տարբեր ոլորտներում անժամկետ լիցենզիայի պահանջով գործունեություն իրականացնելու համար սահմանված է տարեկան պետական տուրք, իսկ հստակ ժամկետով գործունեություն իրականացնելու, լիցենզավորման կամ թույլտվության տրամադրման համար՝ մեկանգամյա տուրք ամբողջ ժամանակահատվածի համար: Նույն մոտեցումն է ցուցաբերվում կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում:

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է տարեկան պետական տուրքը փոխարինել սպասարկման իրավունքի տրման համար մեկանգամյա պետական տուրքով: Այսինքն` տուրքը կլինի ոչ թե տարեկան, այլ մեկանգամյա:

«Երբ կազմակերպությունը ստանում է թույլտվություն որոշակի ժամկետով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու, մուծում է 100 հազար դրամ պետական տուրք և այլևս չի վճարում»,-ասաց փոխնախարարը:

Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ այսինքն, սրանով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ֆինանսական բեռը թեթևանո՞ւմ է:

Փոխնախարարը դրական պատասխան տվեց: Մրցութային կարգի համաձայն՝ ենթադրվում է, որ կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկումը կարող է իրականացվել միայն 10 տարի ժամկետով: Այսինքն` այն կազմակերպությունը, որ մրցութային կարգով կստանա իրավունք՝ սպասարկելու այս կամ երթուղին, այս օրենսդրական փոփոխությունների հետո կվճարի մեկ անգամ 100 հազար դրամ, այլ ոչ թե 10 անգամ 100 հազար դրամ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում