Այսօր անդրադառնալու եմ ՀՀ-ում բազմահակակազմ դասարաններին և դրանց խնդիրներին. Լ. Ստեփանյան

Այսօր անդրադառնալու եմ ՀՀ-ում բազմահակակազմ դասարաններին և դրանց խնդիրներին. Լ. Ստեփանյան

Ինչպես նշել էի նախորդ գրառումներիցս մեկում, այսօր անդրադառնալու եմ ՀՀ-ում բազմահակակազմ (երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ և քառակոմպլեկտ դասարաններ) դասարաններին և դրանց խնդիրներին։

Այս խնդիրը բավականին երիտասարդ է մեր կրթության ոլորտում, բայց ցավոք բազմահամակազմ դարձող կամ բազմահամակազմ դասարաններ ունեցող դպրոցների թիվն արագ ավելանում է։ Առաջին հերթին կրթական թվացող այս խնդիրն իրականում կապ ունի երկրի տնտեսության, տնտեսական զարգացման, սահմանային կամ սահմանամերձ համայնքներում սոցիալական արդյունավետ ու հավասարակշռված քաղաքականության (հատկապես՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի, ուսուցիչների գործուղումների պայմանների, երիտասարդ ընտանիքների աջակցության ծրագրերի, ծնելիության խթանման և այլն) և ամենակարևորը երկրի անվտանգության, պաշտպանական ամուր համակարգի հետ։ Ինչպես կարելի է նկատել, կրթության, մասնավորապես՝ հանրակրթության առջև ծառացած այս խնդիրն հիմնականում այլ ոլորտներում առկա բացերի կամ հիմնախնդիրների հետևանք է, այլ ոչ թե առաջացել է դպրոցում դասավանդման որակի կամ դպրոցի շենքային պայմանների պատճառով։

Առաջին անգամ բախվեցի այս խնդրի հետ ու հասկացա դասավանդման դժվարությունները 2010-ին, երբ աշխատում է Կրթության ազգային ինստիտուտում։ Ավելի խորքային պատկերացում կազմելու համար հանդիպում ունեցա մարզում բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչների հետ, ովքեր փաստեցին, որ իսկապես դասավանդումը նման դասարաններում ոչ միայն արդյունավետ չէ, այլև հնարավոր չէ դասավանդել նոր, ինտերակտիվ մեթոդներով, անիրատեսական է դասավանդումից լավ որակ սպասել։ Առաջին անգամ կրթության հիմնախնդիրների վերաբերյալ հոդված գրեցի սույն թեմայով, որն անմիջապես տպագրվեց <<Մանկավարժություն>> ամսագրում։

Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սույն խնդիրը և դրա կարգավորման ուղղված քայլեր է ձեռնարկում նաև ԿԳՆ նախկին փոխնախարար Մ․ Մկրտչյանը։ Խնդիրը նաև նրա ուշադրության կենտրոնում էր, ով այս դեպքում դպրոցներին առաջարկում էր ոչ թե նոր մեթոդով աշխատանք կամ հենվում էր ուսուցչի հնարամտության ու պրոֆեսիոնալիզմի վրա, այլ կրթության կազմակերպման նոր տեխնոլոգիա էր առաջարկում՝ կոլլեկտիվ կրթություն։ Սա բացարձակապես կապ չուներ մեր իմացած դպրոցի դասավանդման ու կրթության գործընթացի կազմակերպման հետ, բոլորովին այլ մոտեցում էր ենթադրում։

Իրականացվեցին պիլոտային ծրագրեր Սյունիքի մարզում և որոշ դպրոցներ անցան կոլլեկտիվ ուսուցման։ Ցավոք արդյունքների մասին իրազեկված չեմ և չեմ կարող կիսվել ձեզ հետ։ Այժմ ներկայացնեմ թվեր։

Եվ այսպես, 2019-2020 ուստարում ՀՀ-ում բազմահամակազմ դասարանների գրաֆիկը հետևյալն է՝

Արարատի մարզի 15 դպրոցում կա 34 բազմ․ դասարան, ուր հաճախում են 298 սովորող և դասավանդում 197 ուսուցիչ։

Տավուշի մարզի 30 դպրոցում կա 105 բազմահամակազմ դասարան, ուր հաճախում են 722 սովորող ու դասավանդում 407 ուսուցիչ։

Գեղարքունիքի մարզի 38 դպրոցում կա 144 բազմահամակազմ դասարան, ուր հաճախում է 1005 սովորղ և դասավանդում 492 ուսուցիչ։

Արագածոտնի մարզի 33 դպրոցում կա 78 բազմահամակազմ դասարան, ուր հաճախում է 421 սովորող և դասավանդում 326 ուսուցիչ։

Շիրակի մարազի 73 դպրոցում կա 452 բազմահամակազմ դասարան, 1549 սովորող, դասավանդող 1013 ուսուցիչ։

Արմավիրի մարզի 21 դպրոցում կա 53 բազմահամակազմ դասարան, 2118 սովորող, ուր դասավանդում են 271 ուսուցիչ։

Սյունիքի մարզի 30 դպրոցում կա 73 բազմահամակազմ դասարան, 227 սովորող, դասավանդում է 260 ուսուցիչ։

Վայոց ձորի մարզի 26 դպրոցում կա 25 բազմահամակազմ դասարան, 56 սովորող, դասավանդող 124 ուսուցիչ։

Լոռու մարզի 57 դպրոցում կա 232 բազմահամակազմ դասարան, ուր հաճախում են 1128 սովորող ու դասավանդում 646 ուսուցիչ։

Կոտայքի մարզի 20 դպրոցում կա 60 բազմահամակազմ դասարան, ուր հաճախում է 498 սովորող և դասավանդում 229 ուսուցիչ։

Սրանք այս տարվա տվյալներն են։ Երևանում կարևոր ենթակառուցվածքների ու կառույցների կենտրոնացումը, համեմատաբար հեշտությամբ աշխատանք գտնելը, որոշ դեպքերում եղանակային նպաստավոր պայմանները, ժամանցի կենտրոններն ու կյանքի դինամիկան հեռավոր մարզերից դեպի մայրաքաղաք են բերում շատերին։ Եվ միայն կրթության ոլորտում առաջանում է այս լրջագույն խնդիրը․ եթե Երևանում ուսուցիչները դժգոհում են ծանրաբեռնված դասարաններում աշխատելիս, ապա մարզերում դժգոհության պատճառները թերհամալրված դասարաններից բոլորովին այլ են ու ամենակարևորը, տուժում է կրթության որակը։

Խնդրի առաջացմանը արջի ծառայություն է մատուցել ու մատուցում նաև չդադարող արտագաղթը։

Տարիների ընթացքում դասավանդման մեջ փորձառություն ու հմտություն ձեռք բերած ուսուցիչները երկկոմպլեկտ դասարաններում կարողացել են գրանցել որոշ հաջողություններ իրենց կողմից հեղինակած դասավանդման մեթոդիկայի շնորհիվ, ինչը սակայն չի կարելի ասել եռակոմպլեկտ դասարանների դեպքում, իսկ քառակոմպլեկտի դեպքում խոսել կրթության որակի մասին առավել դժվար է դառնում։

Այս տարի ԿԳՄՍ վերապատրաստումներ իրականացնելու համար որոշ դեպքերում արտապատվիրակելու է ծառայության մատուցումը ոլորտում գործող կազմակերպություններին։ Պատճառներից մեկն էլ այն է, որ մի կառույց կամ կազմակերպություն չի կարող հնարավորինս արհեստավարժ իրականացնել մասնագիտական, առարկայական, մեթոդական, տեղեկատվական տեխնոլոգիաների , հեռավար ուսուցման և այլ թեմատիկ որակյալ դասընթացներ։ Միշտ մի բաղադրիչն ավելի ուժեղ է որևէ կազմակերպության, նրա անդամների համար։ Ուստի այս գրառման միջոցով նաև դիմում եմ այն կազմակերպություններին, ովքեր փորձ ունեն բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացների իրականացման գործում, լինել ակտիվ և դիմել պետական կառավարման մարմնի կողմից հայտարարած մրցույթին։ Խնդրի լուծման համար ևս մեկ քայլ է կատարել իրականացրել կրթության պետական լիազոր մարմինը՝ ավելացնելով սահմանամերձ գյուղեր գործուղվող ուսուցիչների վճարները, ներառելով նաև կոմունալ ծախսերի ու տան վարձակալության վճարները։ Փոխելով ուսհաստատությունների ֆինանսավորման կարգը՝ նախարարությունը նպատակ ուներ ևս մեկ դրական քայլ է կատարել փոքր դպրոցների նյութական ռեսուրսներն ավելացնելու համար ։

Այսօր շատ ենք խոսում կրթության մասին, դիտարկում ենք այն պետության անվտանգության համատեքստում, բայց դեռ ունենք այսպիսի չլուծված ու բարդ հանգույցներ հանրակրթության մեջ, որն, ի դեպ, միակ պարտադիր կրթությունն է Հայաստանում։

Համաշխարհային կրթական խնդիրներն ուսումնասիրելիս կարելի է փաստել, որ բազմահամակազմ դասարաններ կան նաև Կանադայում, Ֆինլադիայում, Ղազախստանում և այլն։ սա նշանակում է, որ պետք քննարկումներ ունենանք նաև այս երկրների կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, քանի որ խոսքը մեկ , երկու կամ գոնե տաս դպրոցի չի վերաբերվում։ Ուսուցչի դերն ու նշանակությունը նմանատիպ դասարաններում էլ ավելի է ընդգծվում ու վեր կանգնում ցանկացած նոր կամ նորագույն տեխնոլոգիաներից։

Թեմայից կարելի է երկար խոսել, բայց անելիքներն այս առումով ավելի կարևոր են։ Կառավարությունն ու ԱԺ-ն ամեն որոշմամբ, ամեն օրինագծով ավելի նպաստավոր օրենսդրական միջավայր են ստեղծում ուսուցիչների համար։ Բայց հանուն արդարության ուզում եմ նշել, որ բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչներն անհավասար պայմանների մեջ են հայտնվել։ Շարունակում է խնդիր մնալ 1 դասաժամի ընթացքում՝ 45 րոպե, միանգամից դասավանդել 2, 3 , որոշ դեպքերում 4 տարբեր դասարանների ծրագրերով ու վճարվել դրույքաչափով, ասել է թե մեկ դասաժամի համար։ Ուստի այս հարցը քննարկելով ԿԳՄՍ փոխնախարար Ժ․ Անդրեասյանի հետ, որոշել ենք դիմել Կառավարությանը, որ երկկոմպլեկտ դասարաններում դասավանդող ուսուցիչները ստանան իրենց աշխատավարձի 25 %-ի, եռակոմպլեկտ դասարաններում 50%-ի, իսկ քառակոմպլեկտ դասարաններում 75 %-ի չափով հավելավճար։ Տիկին Անդրեասյանն ավելի մեծ տոկոսներ էր նախատեսել։ Շուտով այս առաջարկով կդիմեմ Կառավարություն։ Հաշվի առնելով ՀՀ առջև ծառացած բազում սոցիալական խնդիրները՝ քիչ դժվար կլինի դրական արձագանք անմիջապես ստանալը, բայց թեկուզ եկող տարվա համար կարևոր է , որ առաջարկն ընդունվի։ Սա չի ազդի կրթության որակի բարելավման վրա, բայց հավասար պայմաններ կստեղծի ՀՀ բոլոր դասավանդող ուսուցիչների համար։ Գործուղվող ուսուցիչներ նոր շունչ ու նոր ասելիք կտանեն սահմանամերձ գյուղեր և ինչ-որ չափով կկրճատեն թափուր աշխատատեղերը դպրոցներում։ Ի վերջո դպրոցում ուսուցչի թափուր աշխատատեղը նշանակում է չունենալ որևէ առարկա կամ առարկաներ ուսումնասիրելու հնարավարություն։

Դպրոցը կարևոր է, դպրոցը պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է ու պատասխանատու է հասարակության որակի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում