«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար. կայացել են Շիրակի մարզային փուլի մրցումները

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար. կայացել են Շիրակի մարզային փուլի մրցումները

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի շրջանակում փետրվարի 12-ին Գյումրիում կայացել են Շիրակի մարզային փուլի մրցումները:

Մարզային փուլի մրցումներին մասնակցել են այն թենիսիստները, ովքեր մինչև փետրվարի 8-ը Գյումրիում, Արթիկում, Անիում, Ախուրյանում, Աշոցքում և Ամասիայում անցկացված համայնքային փուլի մրցումներում մրցանակային տեղեր են զբաղեցրել: Համայնքային փուլի մրցումներին 117 մարդ է մասնակցել:

Մրցումների արդյունքներով ձևավորվել է Շիրակի մարզի հավաքական թիմը, որը մարտի 12-ից 13-ը կմասնակցի Չարենցավանում անցկացվելիք հանրապետական փուլին:

Մրցումներն անցկացվում են տարիքային երկու խմբով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված են 18-ից 35 տարեկան կանայք և 18-ից 40 տարեկան տղամարդիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 36 և բարձր տարիքի կանայք ու 41 և բարձր տարիքի տղամարդիկ:

Ավելի վաղ անցկացվել են նաև Երևանի, Կոտայքի, Սյունիքի, Լոռիի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզային փուլերը:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, իսկ 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,

11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում