Սալվադորը դարձել է առաջին երկիրը, որը ընդունել է Bitcoin-ը որպես վճարման օրինական միջոց
Սալվադորը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունել է Bitcoin-ը որպես վճարման օրինական միջոց:
Կոնգրեսը 62 կողմ ձայնով ընդունել է «բիթքոինի մասին օրենքը»՝ կենտրոնաամերիկյան այս փոքր երկրում կրիպտոարժույթը դարձնելով վճարման օրինական միջոց:
Նախագահ Նայիբ Բուկելեն օրենքի ընդունումը համարել է «պատմական պահ»:
Նախագահը կարողացել է հասնել օրինագծի ընդունմանը Կոնգրեսում իր դաշնակիցների աջակցության շնորհիվ: Քվեարկության արագությունը քննադատող ընդդիմադիր կուսակցությունները չեն սատարել օրենքի ընդունումը, հայտնում է AFP-ն:
Բուկելեն այս քայլը համարում է Սալվադորում օտարերկրյա ներդրումները խրախուսելու միջոց: Նախկինում նա հայտարարել է, որ եթե աշխարհի բիթքոինների միայն 1%-ը ներդրվեր իր երկրում, «դա կավելացներ Սալվադորի ՀՆԱ-ն 25 տոկոսով»:
Սալվադորը ցածր եկամուտ ունեցող երկիր է, որն ապավինում է արտերկրում գտնվող քաղաքացիների փոխանցումներին: Հույս կա, որ բլոքչեյն-արժույթին անցումը կհեշտացնի եւ կնվազեցնի նման փոխանցումների ծախսերը: Երկիրը որպես պաշտոնական արժույթ օգտագործում է ԱՄՆ դոլարը:
Բիթքոինի կիրառումը կիրականացվի Strike բջջային վճարումների ծրագրի միջոցով, որը վերջերս է ստեղծվել Սալվադորում:
Բուկելեն ասել է, որ երկրի բնակիչների մեծ մասը չունի ավանդական բանկային հաշիվներ, եւ նոր օրենքը թույլ կտա մարդկանց իրենց սմարթֆոնների միջոցով թվային դրամապանակներ ստեղծել:
Այնուամենայնիվ, բիթքոինի արժեքը մնում է անկայուն, ինչը այն դարձնում է ոչ պիտանի որպես վճարման օրինական միջոց օգտագործելու համար, որի վրա մարդիկ կարող են հույս դնել առաջին անհրաժեշտության ապրանքների համար վճարելիս կամ վարձակալության ժամանակ: Տարվա սկզբին 65,000 դոլար մաքսիմալ արժեքին հասցնելու պահից բիթքոինի արժեքն ընկել է ավելի քան 25,000 դոլարով:
Կարծիքներ