Զախարովան քննադատել է Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու Տիխանովսկայայի կոչը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «աննախադեպ ստորություն» է անվանել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի`երկրի հիմնական ձեռնարկությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ Տիխանովսկայան ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթի ժամանակ կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Բելառուսի առաջատար ձեռնարկությունների դեմ:
«Այդ ձեռնարկություններում բելառուսներ են աշխատում: Ինչպե՞ս կարելի է խնդրել թիրախավորել մարդկանց, սեփական քաղաքացիներին, որոնք տարիներ, տասնամյակներ շարունակ ներքին արտադրանք են ստեղծում: Թե՞ բելառուսական ձեռնարկությունների դեմ ամերիկյան պատժամիջոցներն արդեն պատրաստ են, և անհրաժեշտ էր ինչ-որ մեկը, ով կբարձրաձայնի բազային ապրանքների գների բարձրացման վերաբերյալ աշխատողների բազմաթիվ խնդրանքները. աննախադեպ ստորություն է»,- գրել է Զախարովան իր տելեգրամյան ալիքում:
2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում:
Կարծիքներ