2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են

2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածած հայտարարությամբ տեղեկացրել են 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, որը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում։

«Համանախագահներն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև երկու նախարարների մասնակցությամբ համատեղ հանդիպում ունեցել։ Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների առաջին հանդիպումը որպես երկու երկրների վճռականության նշան՝ վերսկսելու խաղաղ գործընթացն ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգություն, կայունություն ու բարգավաճում ապահովելուն»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ համանախագահները, իրենց մանդատին համապատասխան, հաստատում են հանձնառությունը շարունակելու աշխատանքը կողմերի հետ՝ ԼՂ հակամարտության կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերին համապարփակ լուծումներ գտնելու համար։

Հայտարարության մեջ ասվում է, որ միջնորդներն առաջարկել են հստակ, նպատակաուղղված միջոցառումներ՝ իրադրության դեէսկալացիայի և հնարավոր հետագա քայլերի ուղղությամբ։ Նրանք հանդիպել են քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ՝ տեղեկացնելու նրանց իրենց ջանքերի մասին, որոնք ձեռնարկվել են վերջին տարվա ընթացքում, ինչպես նաև վերջին իրադարձությունների մասին։ Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում