Կառավարությունը հավանություն տվեց Կապսի ջրամբարը կառուցելու նախագծին
Կառավարությունը քննարկեց «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագիրը՝ մասնավորապես Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը, որի զեկուցողն էր Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Նա նշեց, որ սա կառավարության խոշոր ծրագրերից մեկի արդեն գործնական սկիզբն է։
«Խոսքը Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում գտնվող Կապսի ջրամբարի մասին է, որը նախատեսված է դեռևս 85 թվականից, իսկ նպատակը պետք է լիներ 30 հազար հողերի ոռոգման ապահովումը։ Սակայն 88 թ․-ի երկարաշարժն ու հետագա դեպքերի զարգացումը բերեցին նրան, որ 1993 թվականին դադարեցվեց ջրամբարի կառուցումը։ Արդյունքում ունենք քիչ չափով կառուցված պատվար, շրջանցիկ թունել, որով գետը շրջանցում է թունելը։ Ունենք իրավիճակ, որ Ջրաձոր համայնքում և հարակից տարածքներում որևէ գործողություն չի արվել՝ ակնկալիքով, որ ջրամբարը մի օր կառուցվելու է»,- ասաց նա։
Տերտերյանը նշեց, որ այս ծրագրի կյանքի կոչման համար 2014 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է վարկային համաձայնագիր, որով նախատեսվել է Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում իրականացնել։
Ըստ նախագծի՝ ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 1-ին փուլով նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում՝ հետագա ընդլայնման հնարավորությամբ մինչև 60 մլն մ3:
Ծրագրի նպատակն է նպաստել պարենային ապահովությանը, ավելացնել գյուղատնտեսական արդյունավետությունը, նվազեցնել թիրախային խմբի խոցելիությունը կլիմայի փոփոխությունների նկատմամբ, պահպանել տարածաշրջանի էկոհամակարգը և բիոբազմազանությունը, ինչպես նաև նվազեցնել Կապսի ջրամբարից ներքև գտնվող բնակչության անվտանգության ռիսկը: Համաձայն ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորվածության (ՏՏՀ) ուսումնասիրության արդյունքների՝ Կապսի ջրամբարի 1-ին փուլի (25 մլն մ3) ջրածածկման տակ պետք է մնային Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի մոտ 4-5 շինություններ, իսկ նույն մարզի նույն համայնքի Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերի, ինչպես նաև նույն մարզի Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի մոտ 20 տարբեր չափսերի հողակտորներ։
Հետագայում Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման մանրամասն աշխատանքային նախագծման փուլի ընթացքում խորհրդատուի կողմից իրականացվել է Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրի լանջի կայունության մանրամասն հաշվարկ, ըստ որի դրա հետագա սողանքակայունությունը գնահատվել է ռիսկային, և հետագա հնարավոր (սողանքավտանգ) փլուզումներից խուսափելու համար անհրաժեշտ է համարվել Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրը վերաբնակեցնել ամբողջությամբ, իսկ Ամասիա համայնքի Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերում, ինչպես նաև Մարմաշեն համայնքի Կապս և Սարապատ համայնքի Հողմիկ բնակավայրերում իրականացնել ազդակիր հողերի օտարում:
Կարծիքներ