Հույս ունենք ընդարձակել մեր համագործակցության շրջանակը. ՀՀ նախագահը՝ Նորվեգիայի դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություն պատասխանատու առաքելության իրականացման գործում։
Նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Բերգլյոտ Հովլանդը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-նորվեգական հարաբերությունների ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցությունը խթանելու ուղղությամբ։
«Բարձր ենք գնահատում հատկապես վերջին տարիներին Հայաստանի և Նորվեգիայի միջև արդյունավետ և կառուցողական երկխոսության նկատելի ակտիվացումը: Հույս ունենք ընդարձակել մեր համագործակցության շրջանակը՝ հատկապես տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեքորեն օգտագործման նպատակով: Կցանկանայի նշել, որ Հայաստանը բավական գրավիչ երկիր է տնտեսական օրենքների առումով և մենք պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ»,- նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Դեսպան Բերգլյոտ Հովլանդն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Ես ևս ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Նորվեգիայի համար կարևոր և առանձնահատուկ գործընկեր է: Մենք շատ ուրախ ենք, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններն ամրապնդվել են և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ դրանց հետագա ընդլայնման և ամրապնդման գործում: Համաձայն եմ, որ տնտեսական համագործակցության առումով կա աճի ներուժ և մենք պետք է ուսումնասիրենք այն»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև բազմոլորտ համագործակցության զարգացման ուղղություններն ու հնարավորությունները: Կարևորվել է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և այլ ոլորտներում լավագույն փորձի փոխադարձ կիրառմանն ուղղված քայլերի ակտիվացումը:
Շեշտվել է երկու երկրների տնտեսական, գործարար ևտուրիստական շրջանակների միջև փոխշահավետ կապերի հաստատման ու ամրապնդման նպատակով ջանքերի ներդրման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և առկա զարգացումների վերաբերյալ:
Այս համատեքստում հանրապետության նախագահը մանրամասներ է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական, հումանիտար և առաջնային կարիքները հոգալու ուղղությամբ կառավարության իրականացրած աջակցության ծրագրերի և միջոցառումների մասին: Քննարկվել են նաև տեղահանվածների համալիր խնդիրների լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Զրույցի ընթացքում երկուստեք բարձր են գնահատվել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, որոնց արդյունքում առավել բարենպաստ միջավայր է ձևավորվել տնտեսական գործունեության իրականացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար:
Կարծիքներ