ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կողմից ուղղակի կամ վերահաս սպառնալիք չի տեսնում․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կողմից ուղղակի կամ վերահաս սպառնալիք չի տեսնում․ Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքն իր անդամ երկրների համար ուղղակի կամ սպասվող սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար ուղղակի կամ վերահաս սպառնալիք չենք տեսնում, բայց ուշադիր հետևում ենք, թե Ռուսաստանն ինչ է անում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Ստոլտենբերգը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն բարձրացրել է  զգոնությունը և մեծացրել է ներկայությունը դաշինքի արևելյան մասում՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Նրա խոսքով՝ 2022 թվականի փետրվարից ՆԱՏՕ-ի համար առաջացել է երկու խնդիր:

«Առաջին՝ օգնել Ուկրաինային, երկրորդ՝ կանխել լայնամասշտաբ պատերազմը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև», - ասել է նա:

Գլխավոր քարտուղարը նաև հաստատել է, որ այս շաբաթվա վերջին ՆԱՏՕ-ն կսկսի խոշորագույն զորավարժություններ՝ 90 հազար մարդու մասնակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում