Սպասված փոփոխություն․ քաղաքաշինության ոլորտում կրթության և աշխատանքային փորձի տարբերությամբ մասնագետներն արդեն կարող են հավաստագրվել urban.e-gov.am հարթակում

Սպասված փոփոխություն․ քաղաքաշինության ոլորտում կրթության և աշխատանքային փորձի տարբերությամբ մասնագետներն արդեն կարող են հավաստագրվել urban.e-gov.am հարթակում

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ մասնագետների հավաստագրման անցումային կարգում կատարվել է փոփոխություն։ Արդյունքում լուծվում է այն մասնագետների խնդիրը, որոնք, ունենալով կրթություն քաղաքաշինական գործունեության մեկ ոլորտում, սակայն փաստացի գործունեություն ծավալելով քաղաքաշինական մեկ այլ ենթաոլորտում, չէին կարողանում հավաստագրվել urban.e-gov.am հարթակում՝ որակավորման և աշխատանքային փորձի անհամապատասխանության պատճառով։

Հաշվի առնելով, որ խնդրին առնչվում էին ոլորտի բավական մեծ խումբ մասնագետներ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի «Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման և պատասխանատու մասնագետների հավաստագրման անցումային կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանում։

Երկրորդ հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ սահմանվել է, որ եթե հայտատուն հանդիսանում է պատասխանատու մասնագետ և ունի «Քաղաքաշինության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան հայցվող համապատասխան ենթաոլորտում աշխատանքային 10 տարվա փորձառություն և համապատասխան որակավորում (բազային կրթություն), ապա կարող է քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական urban.e-gov.am հարթակի միջոցով դիմել պատասխանատու մասնագետի կարգի շնորհման և հավաստագրման համար (https://urban.e-gov.am/hy/service/4ab6f30b-13e1-48fc-aa7d-e0665de709d3/info)։

Օրինակ՝ «Ավտոմոբիլային ճանապարհներ» մասնագիտությամբ դիպլոմ ունեցող մասնագետն արդեն կկարողանա դիմել իր աշխատանքային փորձին համապատասխան մեկ այլ ենթատեսակի, օրինակ՝ բնակելի, հասարակական և արտադրական կառույցների շինարարության հավաստագիր ստանալու համար։ Հայտը լրացնելիս «Կրթություն» բաժնում պետք է ընտրել «Բազային» տարբերակը։

Կարևոր է նշել, որ անցումային կարգով հավաստագրվելու հնարավորությունը ստանալուց հետո արդեն հաջորդ շրջափուլի հավաստագիրը ստանալու համար մասնագետները պետք է վերաորակավորում անցնեն՝ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 478-Ն որոշմամբ հաստատված վերաորակավորման կարգի համաձայն (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191494)։

Հիշեցնենք, որ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես այն կդադարի գործել։ Իսկ մինչ այդ քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն` լիցենզիայի ներդիրում որպես պատախանատու մասնագետ ընդգրկվելու համար։ Քաղաքաշինության կոմիտեն հորդորում է ոլորտի ներկայացուցիչներին շտապել և վեջնաժամկետին ընդառաջ ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ հայտերի ներկայացումը չթողնել վերջին օրվան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում