Հուսով ենք, Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Հակոբ Արշակյանը հանդիպել է Իսրայելի Քնեսեթի պատվիրակության հետ

Հուսով ենք, Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Հակոբ Արշակյանը հանդիպել է Իսրայելի Քնեսեթի պատվիրակության հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը և ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամները հանդիպել են Քնեսեթի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, «Մերեց» կուսակցության պատգամավոր Մոսի Ռազի գլխավորած պատվիրակության հետ: Տեղեկությունը հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Հայ և հրեա ժողովուրդները, որոնք վերապրել են ցեղասպանության արհավիրքները, ունեն բարոյական պարտականություն՝ համախմբելու ջանքերն այս հարցում»,-ասել է նա:

ԱԺ փոխնախագահը խնդրահարույց է համարել Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությունը և հատկապես 2020թ–ի 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները չդադարեցնելը:

Նշենք, որ «Մերեց» կուսակցությունը քննադատել է իսրայելական կողմից Ադրբեջանին սպառազինություն տրամադրելու փաստը և միշտ կողմնակից է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Հակոբ Արշակյանը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանն էլ երախտագիտություն է հայտնել Քնեսեթի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի անդամներին անմեղ զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան այցելելու համար:

Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Մոսի Ռազը նշել է, որ իր առաջին այցը Հայաստան պլանավորել էր հենց ապրիլի 24-ին` 1,5 մլն սպանվածների հիշատակը հարգելու համար:

Կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությանը, բարեկամական խմբերի միջև կապերի ակտիվացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում