«Արհեստական բանականությունը մարդկության համար վտանգավոր տեխնոլոգիա է, որն ունակ է իրավիճակն ապակայունացնել ամբողջ աշխարհում». Իլոն Մասկ
Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը կարծում է, որ արհեստական բանականությունը մարդկության համար վտանգավոր տեխնոլոգիա է, որն ունակ է իրավիճակն ապակայունացնել ամբողջ աշխարհում, գրում է Business Insider-ը։
«Պետք է մտածենք, թե ուր է գնում արհեստական բանականությունը։ Շատ մարդիկ սխալ կարծիք ունեն ԱԲ-ի վերաբերյալ, քանի որ չեն պատկերացնում, որ համակարգիչը կարող է շատ ավելի խելացի լինել, քան իրենք։ Դա սխալ մտածողություն է։ Այդ մարդիկ ավելի հիմար են, քան իրենք են կարծում»,- նշել է Մասկը։
Նախկինում Մասկը հայտնել էր, որ արհեստական բանականությունը շատ ավելի մեծ վնաս է իրենից ներկայացնում, քան միջուկային զենքը, և կոչ էր արել արհեստական բանականության տեխնոլոգիայի զարգացումը վերահսկող կարգավորումներ ստեղծել։
«Որևէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ մենք թույլ կտայինք միջուկային զենք ստեղծել․․․Հիշե՛ք խոսքերս, արհեստական բանականությունը շատ ավելի վտանգավոր է, քան միջուկային զենքը»,- նշել էր Մասկը դեռևս 2018 թվականին։
Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգն, իր հերթին, անհամաձայնություն էր հայտնել Մասկին՝ նշելով, որ արհեստական բանականությունն արդեն բարելավել է առողջապահական համակարգը և կարող է ավտովթարների թիվը նվազեցնել։ Ցուկերբերգը Մասկի նման վատատեսական կարծիքը «ոչ տեղին» էր անվանել, իսկ Մասկն ի պատասխան հայտարարել էր, որ Ցուկերբերգն արհեստական բանականության մասին սահմանափակ տեղեկություններ ունի։
Կարծիքներ