ԱՄՆ-ն Բելառուսի հետ սահմանին փախստականների խնդրի վերաբերյալ իր անհանգստությունն է հայտնել Մոսկվային ու Մինսկին
Միացյալ Նահանգների իշխանությունները Մոսկվային ու Մինսկին հայտնել են իրենց անհանգստությունը՝ Բելառուսի ու Լեհաստանի սահմանին փախստականների առկայության իրավիճակով պայմանավորված: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Դա մեծ անհանգստություն է առաջացնում: Մենք մեր մտահոգության մասին հայտնել ենք ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Բելառուսին: Կարծում ենք՝ դա խնդիր է»,- ասել է նախագահը:
Բելառուսի և Լատվիայի, Լիտվայի ու Լեհաստանի հետ սահմանին ճգնաժամը հատկապես սրվել էր նոյեմբերի 8-ից, երբ մի քանի հազար փախստականներ Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից բելառուսական կողմից մոտեցել էին լեհական սահմանին: Նրանք հրաժարվում են հեռանալ սահմանային գոտուց, իսկ ոմանք անգամ փորձում են ապօրինի հատել սահմանը ու մտնել Լեհաստան:
Եվրամիության անդամ երկրները մեղադրում են Բելառուսին իրադրությունը մտադրված լարելու մեջ և խոստանում են պատժամիջոցներ սահմանել: Ի պատասխան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ստեղծված իրադրության մեղավորը հենց Արևմուտքի երկրներն են, ում գործողությունների հետևանքով մարդիկ փախչում են պատերազմից:
Կարծիքներ