Կարկուտը Շիրակ գյուղի ողջ բերքն ավերել է
Քիչ առաջ Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Ախուրյան խոշորացված համայնքի Շիրակ բնակավայրին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը:
Գյուղում իրականացված 900 հա ցանքսից վնասվել է 500 հա-ից ավելին: Հիմնականում տուժել են հացահատիկային կուլտուրաները՝ ցորենը, գարին, վարսակը: Վնասված են նաև կարտոֆիլը, գազարը, բազուկն ու չամանը:
«Գարու մասին էլ խոսք լինել չի կարող, գարին 100 տոկոսով ոչնչացել է, նույնը ցորենը, լոբուց մենակ ցախերն են մնացել: Եթե բանջարեղենի դեպքում հնարավոր է կրկնակի ծախսով փոքր վերականգնման հույս ունենա գյուղացին, հացահատիկի պարագայում ոչինչ արդեն անել հնարավոր չէ: Ես չգիտեմ, թե ինչ է լինելու մեր հետ»,- ասաց վարչական ղեկավարը:
Վարուցանքը բոլորն, այդ թվում վարչական ղեկավարը, իրականացրել են գյուղվարկերի միջոցով: Հիմա, երբ կարկուտը բերքը տարել է, դժվարանում են պատասխանել հարցին՝ թե վարկն ինչպես են փակելու, ունեցած այլ պարտքերն ինչպես են վճարելու: Վարչական ղեկավարն ասում է, դաշտ կա՝ այս պահին էլ վստահ կարելի է ասել, որ 100 տոկոսով է վնասված, այսինքն այնտեղից ոչինչ չունի գյուղացին վերցնելու այլևս:
Գյուղում քչերն են բերքն ապահովագրել: Ասատրյանն ասում է, գումարի հետ է կապված խնդիրը, որ մարդիկ չեն կարողանում այդ գործընթացում ներգրավվել: Նաև քիչ է փոխհատուցվող գումարի չափը, դա էլ է պատճառ, որ չօգտվեն ապահովագրական ընկերությունների ծառայություններից:
«Նաև մշակաբույսեր կան՝ մեծ ցանկության դեպքում նույնիսկ չես կարող ապահովագրել: Օրինակ՝ լոբին, բազուկը, չամանը, դրանք ենթակա չեն ապահովագրման»,- նշում է Շիրակի վարչական ղեկավարը:
Հակակարկտային կայանը գործարկվել է, սակայն, ըստ Ասատրյանի՝ անօգուտ: Գյուղացու ամբարի փոխարեն սպասվելիք առատ բերքը ջուրը լցվեց, ոչնչացավ: Շիրակի մարզպետարանի համապատասխան բաժնին արդեն տեղյակ պահել են կատարվածի մասին: Հանձնաժողովը երբ գնա գյուղ, իր ուսումնասիրությունները կատարի, վնասի չափը հստակ կլինի, սակայն ակնկալիքի հարցում մեծ հույսեր չունեն:
Այս տարի Շիրակում և՛ ցանքատարածությունների թիվն էր ավելացել, և՛ եղանակն էր նպաստավոր: Նախորդ տարվա համեմատությամբ՝ առատ բերքի էին սպասում:
Կարծիքներ