Այն ինչ կատարվում է Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին, չի կարող մեզ չվերաբերել. Արման Բաբաջանյան

Այն ինչ կատարվում է Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին, չի կարող մեզ չվերաբերել. Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր  Արման Բաբաջանյանը գրում է. Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է և այն ինչ կատարվում էր նախօրեին այս կազմակերպության երկու անդամների սահմանագծին չի կարող մեզ չվերաբերվել։ Ղրղզստան և Տաջիկստանի սահմանին ապրիլի 29-ին տեղի է ունեցել մասշտաբային փոխհրաձգություն երկու երկրների սահմանապահ ստորաբաժանումների միջև, ինչի հետևանքով եղել է նաև զոհ և վիրավորներ: Մի քանի ժամ տևած լարվածությունն ու բախումը հաջողվել է կայունացնել և երկու երկրները հայտարարել են իրավիճակի քննարկման համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Բախման առիթը կամ պատճառը սահմանամերձ շրջաններից մեկն է, որը Տաջիկստանը համարում է իր տարածքը, իսկ Կիրգիզիան՝ վիճելի:

Ուշադրության է արժանի փաստը, որ բախումը տեղի է ունենում այն օրը, և գրեթե այն ժամանակահատվածում, երբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվում է ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաք: Այս հանգամանքը էլ ավելի արտառոց ու տարօրինակ է դարձնում միջադեպը, թերևս բերելով եզրահանգման, որ՝ կամ տեղի ունեցածը վկայում է ՀԱՊԿ-ում այնպիսի իրավիճակի մասին, երբ այդ մակարդակի միջոցառմանը զուգահեռ կարող է տեղի ունենալ դրան մասնակից երկրների միջև ռազմական գործողություններ, կամ դա վկայում է, որ Տաջիկստանում, թե Ղրղզստանում կան ուժեր, որոնք ի վիճակի են պետական զինված կառույցների մակարդակում կազմակերպել այդպիսի մասշտաբի սադրանք այդ թվում ՀԱՊԿ-ի դեմ: Որովհետև, Տաջիկստանն ու Ղրղզստանը կրակելով իրար վրա ըստ էության երկուսով կրակել են նաև ՀԱՊԿ-ի վրա: Այսինքն, ՀԱՊԿ անդամները կրակել են ՀԱՊԿ վրա: Իհարկե սա ըստ էության գոնե մեզ համար արտառոց բան չէ, եթե հաշվի առնենք, թե ինչպես են վարվել նույն ՀԱՊԿ անդամները Հայաստանի վրա կրակող Ադրբեջանի հետ իրենց սերտ ու անգամ եղբայրական հռչակվող հարաբերությունների շրջանակում: Բայց, այդուհանդերձ, կենտրոնասիական ռեգիոնում արձանագրվածն այդ դեպքում ունի իր արտառոց յուրահատկությունը:

Եթե ՀԱՊԿ վրա այսպես ասած կրակողները Ղրղզստանն ու Տաջիկստանը չէին, ապա հարց է առաջանում՝ ովքե՞ր էին, երկու երկրների պետական կազմավորումների միջոցով: Միևնույն ժամանակ, կենտրոնասիական այդ հանրապետությունների միջև տարածքային և էթնիկ «վառոդի տակառների» հանգամանքը բոլորովին նոր չէ: Պարզապես տևական ժամանակ կարծես թե հաջողվել էր հաստատել կայունության ռեժիմ, որը սակայն տալիս է փաստորեն առաջին ճաքը: Ընդ որում, հարկ է նկատել, որ այդ ճաքը տրվում է լայն իմաստով բոլորովին նոր իրողությունների ֆոնին, որ կան ռեգիոնին անմիջական հարակից գոտիներում՝ Կովկաս-Կասպիցի ավազանում Արցախի դեմ պատերազմով Թուրքիայի հաստատում, և Աֆղանստանից ԱՄՆ զորքի դուրսբերման գործընթացի մասին ազդարարում: Միաժամանակ, Աֆղանստանում ամերիկյան և ՆԱՏՕ զորքի ներկայությունը ուներ անշուշտ էապես զսպող հանգամանք, ինչը փաստորեն վերանում է՝ իր հերթին լրջագույն խնդիրներ առաջացնելով թե Ռուսաստանի, և թե Չինաստանի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում