Ընդունվելիք կանոններին հետևելով՝ հանրային ծառայողները զերծ կլինեն կոռուպցիայից․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ
Հակակոռուպցիոն ընդունվելիք կանոններին հետևելու դեպքում հանրային ծառայողների աշխատանքը զերծ կլինի կոռուպցիայից: Փետրվարի 23-ին Երևանում կայացած աշխատաժողովին նման կարծիք հայտնեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։
«Դրանք վերաբերում են կոռուպցիոն այնպիսի հնարավոր ռիսկերին, ինչպիսին շահերի բախումն է, պաշտոնի հետ այլ ցանկացած վճարովի աշխատանքի, բացառությամբ ստեղծագործական աշխատանքի հետ համատեղելիությունը, ինչպես նաև ազգակցական կապի առկայության պարագայում համատեղ աշխատանքը և այլն»,- նշեց նա:
Վերջինս առանձնացրեց պատգամավորներին, դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, դատախազներին, քննիչներին, որոնք ունեն վարքագծի իրենց կանոնները։ Պետական մարմիններում մնացած բոլոր հանրային ծառայողները պարտավոր են հետևել նոր կանոններին։ Հարությունյանի խոսքով՝ կանոնները կհաստատվեն ապրիլին։ Դրանց չհետևելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ՝ նույնիսկ աշխատանքից հեռացում։
«Իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ կոնկրետ վարքագիծը արդեն կոնկրետ հանցակազմի տարրեր պարունակի և հանգեցնի նաև կոնկրետ քրեական հետապնդման և դրա արդյունքով նաև քրեական պատասխանատվության», - ընդգծեց Հարությունյանը:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին վարքագծի կանոնների միասնական ընկալումը, այն ներդնելու մեխանիզմները, որոնք ողջ հանրային ծառայության տիրույթում կձևավորեն համաչափ և նույնական վարքագծի դրսևորում: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց հանրային ծառայողների վարքագծի կանոնների նախագիծը, որը քննարկվեց շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:
Կարծիքներ