ԵՄ բանագնացը կվերադառնա Վրաստան

ԵՄ բանագնացը կվերադառնա Վրաստան

Վրաստանի իշխող կուսակցության ու ընդդիմության միջև ԵՄ միջնորդությունը կվերականգնվի շաբաթվա վերջից: Քրիստիան Դանիելսոնը կվերադառնա Վրաստան: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը ԵՄ ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո: Դանիելսոնը Վրաստանը լքել էր մարտի 19-ին՝ ձախողված համարելով բանակցությունների ընթացքը։

Քրիստիան Դանիելսոնի վերադարձի նպատակը կողմերին համաձայնության հասցնելն է, այդ թվում՝ երկու ամենավիճելի հարցերի՝ քաղբանտարկյալների ու գալիք ընտրությունների շուրջ:

«Եկել է զիջումների գնալու ժամանակը` ի շահ Վրաստանի քաղաքացիների»,- թվիթերյան իր էջում գրել է Շարլ Միշելն ու նշել, որ Քրիստիան Դանիելսոնը վերադառնում է միջնորդությունը շարունակելու նպատակով:

Նախօրեին Բրյուսելում կայացած քննարկման ընթացքում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հերթական անգամ քննարկվել է Վրաստանի հարցը, կարծիքներ են հնչել, որ երկխոսությունն արդյունք չի տալիս:

Հանդիպումից հետո հայտարարություն է տարածել նաև ԵՄ Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը: Վերջինս հերթական անգամ կոչ է արել կողմերին զիջումների գնալ։

 

Հիշեցնենք, որ Քրիստիան Դանիելսոնի միջնորդությամբ  վերջին բանակցությունները, որոնք  տևեցին ինը ժամ, տապալվեցին ու ավարտվեցին անարդյունք: Ընդդիմությունը խոստացավ վերսկսել ցույցերը, իսկ իշխանությունը հայտարարեց, որ քաղաքական ճգնաժամն արհեստականորեն է ստեղծվել ընդդիմության կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում