Մուտքն Ուկրաինա միայն բացասական ՊՇՌ թեստով հնարավոր կլինի․ Ինտերֆաքս

Մուտքն Ուկրաինա միայն բացասական ՊՇՌ թեստով հնարավոր կլինի․ Ինտերֆաքս

Ուկրաինայի կառավարությունն այսօր որոշում է կայացրել, ըստ որի՝ երկիր մուտք գործելիս COVID-19-ի բացասական ՊՇՌ թեստ ունենալը պարտադիր պայման կլինի։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։ Համաձայն նոր որոշման՝ այցելուներից կպահանջվի ներկայացնել պետական սահմանը հատելուց ոչ ավելի, քան 72 ժամ առաջ կատարված թեստավորման արդյունքները։ Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովն այսօր Կիևում կայացած ճեպազրույցում նշել է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտել մարտի 22-ից: Պահանջը կկիրառվի ՝ անկախ այն բանից, թե որ երկրից է անձը մուտք գործում և ինչպիսին է այնտեղ կորոնավիրուսային իրավիճակը։ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ (սերտիֆիկատ) պետք է լինի լաբորատորիայի պաշտոնաթղթի վրա, ստորագրած և կնքած, ուկրաինացի սահմանապահների համար հասկանալի լեզվով (ուկրաիներեն, անգլերեն, ռուսերեն)։ «Ըստ Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվության, առանց թեստավորման սերտիֆիկատի, օտարերկրացիները չեն կարող մուտք գործել Ուկրաինայի տարածք։ Թեստավորման պահանջը չի տարածվում մինչև 12 տարեկան երեխաների, ինչպես նաև Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների և ընտանիքների անդամների, բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի վրա։ Թեստավորման պահանջը վերաբերում է նաև Ուկրաինա վերադարձող Ուկրաինայի քաղաքացիներին, մի տարբերությամբ, որ թեստը պետք է արված լինի ոչ թե վերջին 72, այլ 48 ժամվա ընթացքում»,- ասված է Ուկրաինայում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ։ Հավելենք՝ վերջին մեկ օրում Ուկրաինայում վարակման նոր դեպքերը գերազանցել են 11 հազարը։ 24 ժամում գրանցվել է մահվան 333 դեպք։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում