Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկը չընդունելու մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ՍԴ ճգնաժամի վերաբերյալ նախագծի քննարկումը բոյկոտելու հանգամանքին:
«Ցանկացած առիթով, երբ մենք փորձում ենք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրների թնջուկը բացել եւ հաղթահարել, չգիտես՝ ինչու ընդդիմությունը դա որակում է որպես հակապետական քայլ: Ընդ որում, նույն գնահատականները հնչում էին, երբ մենք փորձում էինք հանրաքվեով լուծել այդ հարցը. Ասում էին, որ այդ խնդրի լուծման լավագույն ձեւը Ազգային ժողովում դա անելն է»,- նկատեց նա:
Հարցին, թե իրենց հետաքրքրո՞ւմ է ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի տեսակետները, Մակունցը պատասխանեց, որ իրենց հետաքրքրում է ընդդիմության տեսակետը, իրենց հետաքրքրում է քաղաքացիական հասարակության տեսակետը, միջազգային կառույցների տեսակետը.
«Այդ միջազգային կառույցների հետ խորհրդակցությունների արդյունքում է, որ Ազգային ժողով ներկայացվել է հենց այն նախագիծը, որը ներկայացվել է, որովհետեւ եթե հիշում եք, ի սկզբանե մեր մոտեցումը այլ էր, բայց Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվել է բոլորովին այլ նախագիծ»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախագծում չի ներառվել դատավորների հեռանալու համար անցումային ժամանակահատվածը, որը առաջարկել է Վենետիկի հանձնաժողովը: Մակունցն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է, այն չի կարող պարտադիր բնույթ կրել:
«Այնտեղ նշվում է, որ ՀՀ իշխանությունները, իրավիճակը գնահատելով, պետք է որոշեն անցումային ժամանակահատվածի տեւողությունը: 2018-ից հետո, երբ Սահմանադրական դատարանը նախագահ ունեցավ, անցումային փուլը այդ ժամանակից սկսված է, եւ 1,5 տարուց ավելի անցել է: Եվ որպեսզի չէսկալացվի լարվածություն, մենք հավանության ենք արժանացում այն տեսակետը, որ այս պահին անցումային փուլ պետք չէ»,- պատասխանեց խմբակցության ղեկավարը:
Հարցին, թե ինչո՞ւ չսպասեցին Վենետիկի հանձնաժողովի կարծիքի պաշտոնական հրապարակմանը եւ շրջանառեցին Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը, Մակունցն ասաց, որ արդարադատության նախարարությունը ակտիվ բանակցութունների մեջ է եղել Վենետիկի հանձնաժողովի հետ: Եվ քանի որ առաջարկների վերաբերյալ կոնցեպտուալ տարաձայնություն չի եղել, սկսել են շրջանառել նախագիծ:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության 53 պատգամավորների կոմղից ԱԺ ներկայացված նախագիծը քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունվեց:
Կարծիքներ