Բարդ բանաձեւ է. տեսնենք, թե ինչ զարգացում կունենա այն Սենատում. Մակունցը՝ ԱՄՆ-ում հակահայկական բանաձեւի մասին
Խորհրդարանական դիվանագիտության արդյունքները մեկ օրում չեն երեւում, բայց վերջին 2 տարվա աշխատանքի արդյունքում ակնհայտ էր, որ պատգամավորներն իրենց բոլոր գործուղումների ընթացքում կարողանում են ճիշտ ներկայացնել ՀՀ շահերից բխող բոլոր շեշտադրումները, ինչպես նաեւ այնպիսի գործընկերային հարաբերություններ հաստատել, որը հնարավորություն կտար այս ընթացքում արագ արձագանքման միջոցով անդրադառնալ Ադրբեջանի ագրեսիային: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունված հակահայկական բանաձեւին, որտեղ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը պաշտպանության նախարարի հետ համատեղ պետք է զեկույց ներկայացնի Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում եւ Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ, որտեղ պետք է տեղեկություններ լինեն 1991-ից օտարերկրյա ուժերի կողմից այդ երկրնի ապօրինի գրավյալ տարածքներից տեղահանված եւ սպանված քաղաքացիների թվի վերաբերյալ, Մակունցն ասաց. «Ըստ որոշ փորձագետների մեկնաբանությունների այս բանաձեւն ընկալվում է որպես հակառուսական շեշտադրումներով բանաձեւ: Գիտեք, որ նախնական տարբերակում եղել են մի քանի պետություններ նշված եւ վերջին պահին, կարծում եմ նաեւ Տավուշի դեպքերի հետ կապված, ադրբեջանական լոբբինգի շնորհիվ Ադրբեջանի անվանումը եւս ներառվել է բանաձեւում: Իհարկե, այն իր մեջ ներառում է մեր շահերից չբխող շեշտադրումներ: Բարդ բանաձեւ է, որի կապակցությամբ թե Հայ Դատը, թե Հայկական կոնգրեսը մեծ աշխատանքներ են կատարում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը իր լիազորությունների շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ, բայց Ներկայացուցիչների պալատն արդեն ընդունել է բանաձեւը: Տեսնենք, թե ինչ զարգացում կունենա այն Սենատում»:
Մակունցը նաեւ ընդգծեց, որ ինքը ղեկավարում է հայ-ամերիկյան բարեկամական խումբը, որն ունի բավականին սահմանափակ լիազորություններ որեւէ գործողություն իրականացնելու համար. «Բայց մենք առանձին կոնգրեսականների աշխատակազմերի հետ կապի մեջ ենք, նաեւ ուղիղ կապի մեջ ենք որոշ կոնգրեսականների հետ: մեր մտահոգությունները որոշակի ձեւակերպումների, մտքերի հետ կապած իհարկե, ներկայացրել ենք նրանց: Մեր առաջարկը եղել է այն, թե արդյոք որեւէ կերպ հնարավոր է վերանայել որոշ ձեւակերպումներ»:
Կարծիքներ