Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը
Բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը 40 տարուց ավելի հին են, մինչդեռ շահագործման ժամկետը մինչև 25 տարի է: Տարիներ շարունակ բնակիչները վախը սրտում նստում էին վերելակ. հանկարծ էլի չխափանվի:
2019-ի տարեվերջին Երևանի քաղաքապետարանը փորձնական 20 վերելակ փոխարինեց: Նախատեսված էր ևս 100-ը փոխել 2020-ին: Այս տարվա հունվարին արդեն քաղաքապետ Մարությանը որոշեց հնգապատկել ծրագրի ծավալները:
Արդեն տեղադրված նոր վերելակների հնարավորություններին առաջինը ծանոթանում է Երևանի քաղաքապետը:
Վերելակները, որպես ընդհանուր բաժնային սեփականություն, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով պատկանում են բնակիչներին: Բայց հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմն ու քաղաքացիների կյանքին և առողջությանն սպառնացող վտանգը՝ մասշտաբային ու անիրագործելի թվացող ծրագիրը համայնքը նախաձեռնեց սեփական ուժերով: Քաղաքի բյուջեով նման ծավալի աշխատանք առաջին անգամ է արվում:
«Վերջին 28 տարվա մեջ ամբողջությամբ փոխվել է 35 վերելակ: Այս պահին մենք արդեն փոխում ենք 520 վերելակ»,- ընդգծել է քաղաքապետը:
Մաշված խցիկներ ու դետալներ, հորանների վատ վիճակ ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներով քաղաքապետարանն ընտրեց առաջնահերթ փոխարինվող վերելակները:
Մշակված մոդելի համաձայն, համայնքն այժմ փոխում և անվճա՛ր հանձնում է նոր վերելակները բնակիչներին՝ որպես բաժնային սեփականություն: Փոխարենը բնակիչները պետք է նախապատրաստվեն փոխարինման հաջորդ փուլին, որպեսզի 20 կամ 25 տարի հետո նորից կանգնած չլինեն վերելակների փոխարինման խնդրի առաջ:
«Բնակիչները պետք է սկսեն այսօրվանից հավաքել միջոցներ, որ 25 տարի անց արդեն իրենց ուժերով փոխեն իրենց վերելակները: Սա այն համակարգն է, որը 25 տարի անց կապահովի ամբողջ Երևանի վերելակային ֆոնդը»,- ընդգծել է քաղաքապետը:
Տեղադրվող նոր վերելակները հարմարեցված են նաև տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Սա պահանջ էր, որ դրված էր մրցութային հայտի հիմքում:
«Բոլոր վերելակների բացվածքն այնպիսին է, դա իմ պայմաններից մեկն է եղել, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են հեշտությամբ մուտք և ելք ունենալ: Շատ կարևոր ևս մեկ հնարավորություն. վերելակներն աշխատում են UPS համակարգով, և եթե անսպասելի հոսանքի անջատում լինի, վերելակը չի կանգնում այդտեղ, մոտենում է մոտակա հարկին և բացվում է»,- նշել է Հայկ Մարությանը:
Այս պահին միաժամանակ փոխարինման աշխատանքներ են 124 կետում: Ծրագիրը կավարտվի մինչև տարեվերջ:
Վերելակների փոխարինման ծրագիրը, բացի բուն նպատակից, ևս մի կարևոր խնդիր է լուծում՝ հարյուրավոր մասնագետների ապահովելով աշխատատեղերով և ընդհանրապես, խթանելով ոլորտի զարգացումը մեր երկրում:
«Ծրագիրը նաև աշխատատեղերի խնդիր է լուծում: Մեր հայրենակիցներից շատերը վերադարձել են թե՛ Ռուսաստանից, թե՛ Բելառուսից, և ներգրավված են այս վերելակների տեղադրման աշխատանքներում»,- նկատել է քաղաքապետը:
Վերելակների փոխարինման ծրագիրը կշարունակվի նաև առաջիկա տարիներին: Խոսքն առնվազն 3000 վերելակի մասին է: Իսկ նախքան այդ, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հին վերելակները կնորոգվեն վարչական շրջանների բյուջեով:
Կարծիքներ