Կոտայքում ստեղծվել են աշխատանքային խմբեր
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ հսկողության շրջանակներում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Նաիրիի տարածաշրջաններում ստեղծվել են աշխատանքային խմբեր։ Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Մարզպետի խորհրդականները և մարզպետարանի ներկայացուցիչները ՀՀ ոստիկանության աշխատակիցների, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչների ու դատական կարգադրիչների հետ համատեղ հերթական մշտադիտարկումն են իրականացրել նշված համայնքներում և արձանագրել համար չափազանց կարևոր ձեռքբերում․ քաղաքացիները սկսել են բարձր իրավագիտակցություն ցուցաբերել պարետի և պարետատան որոշումների կատարման նկատմամբ։
Հայտնաբերվել են նաև ընդհանուր բնույթի խախտումներ և թերություններ․ քաղաքացիներ չեն կրել կամ ոչ ճիշտ են կրել դիմակները, խանութ-սրահներում կամ սպասարկման վայրերում չեն ջերմաչափել հաճախորդներին, չեն վարել ջերմաչափման և ախտահանման մատյաններ։ Արձանագրվել են նաև սանիտարահիգիենիկ այլ նորմերի խախտումներ։
Արձանագրված խախտումների հիմքով թերություններն անհապաղ շտկելու նպատակով կազմվել են վարչական արձանագրություններ։ Մնացած դեպքերով քաղաքացիների հետ տեղում իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ։
Ստեղծված աշխատանքային խմբերի կողմից մշտադիտարկումներն ու վերահսկողական գործառույթները կրելու են պարբերական բնույթ։
Հարգելի քաղաքացինե՛ր, կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետի ցուցումներին։
Կրե՛ք դիմակներ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն և խստորեն հետևե՛ք սահմանափակումների կանոններին, փրկեք կյանքեր։
Կարծիքներ