Վահան Քերոբյանը Եղիպատրուշի բնակիչների հետ քննարկել է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրագործմանն առնչվող հարցեր

Վահան Քերոբյանը Եղիպատրուշի բնակիչների հետ քննարկել է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրագործմանն առնչվող հարցեր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ապրիլի 25-ին այցելել է Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր՝ հանդիպելու բնակիչների հետ և քննարկելու «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման խոշոր ներդրումային ծրագրի իրականացման առնչությամբ մի շարք հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, այլ պաշտոնյաներ։ Հանդիպման ընթացքում Եղիպատրուշի բնակիչները տեղեկացրել են նախարարին և մարզպետին, որ կարևորում են «Մայլեռ» ծրագրի իրականացումն իրենց բնակավայրի և մարզի զարգացման հնարավորությունների տեսակետից, սակայն անհանգստացած են իրենց տնամերձ հողատարածքները հանրության գերակա շահ ճանաչելու կապակցությամբ։ Նրանք մանրամասն ներկայացրել են խնդիրը, կիսվել իրենց մտահոգություններով և հուզող հարցերով, ներկայացրել խնդրի լուծման առաջարկներ։

Պաշտոնյաները լսել են Եղիպատրուշի բնակիչների բոլոր առաջարկներն ու առարկությունները։ Բնակիչների ուղեկցությամբ նրանք շրջել են հանրության գերակա շահ ճանաչված հողատարածքներում, տեղում ծանոթացել խնդիրներին։ Վահան Քերոբյանը բնակիչներին համառոտ ծանոթացրել է կառավարության ներդրումային քաղաքականությանը, խոսել «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման հեռանկարների և ակնկալվող արդյունքների մասին՝ նշելով, որ ծրագրի իրագործումը կնպաստի բնակիչների կյանքի որակի կբարելավմանը։

Այցի ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստեղծել շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներից և բնակիչներից կազմված աշխատանքային խումբ, որը, տեղում աշխատանքներ իրականացնելով բնակիչների հետ, կհավաքագրի և կուսումնասիրի բնակիչների կողմից ներկայացված խնդիրները, նաև կառաջարկի դրանց համար արդյունավետ և փոխշահավետ լուծումներ։

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագիրը միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը, ինչը բխում է հանրության գերակա շահի որոշման նպատակներից։

Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը նախատեսում է ներդնել շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Այն կատարելու է ներդրում ճոպանուղու, սահուղիների, արհեստական ձնագոյացման համակարգի, գլխավոր հատակագծի և ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) կառուցման համար:

«Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով նշված տարածքները ճանաչվել են հանրության գերակա շահ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում