38 տարի անց. 1985 թվականից մեկնարկած Կապսի ջրամբարի շինարարությունը կրկին վերսկսվեց հիմնարկեքով
1985 թվականից մեկնարկած Կապսի ջրամբարի շինարարությունը կրկին վերսկսվել է: Դեռ խորհրդային ժամանակաշրջանում այս ջրամբարի առկայությունը համարվել էր հրատապ ու խիստ կարևոր: Առաջին քարը դրվել էր, պատվարի որոշակի հատված էր կառուցվել:
1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպը թուլացել, 1993 թվականին ամբողջությամբ կասեցվել էր։
Ախուրյան գետի աջ ափին գտնվող ջրամբարի հրատապ անհրաժեշտության մասին նորանկախ Հայաստանը հիշել էր 2013-ին և կառավարության օգոստոսի 8-ի նիստում հավանություն էր տրվել Հայաստանի և Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված էր ջրամբարի վերականգմանը, մասնավորապես՝ պատվարի բարձրացմանը:
Տևական դադարը կրկին խախտվեց երեկ՝ առաջին հիմնարկեքից 38 տարի անց միայն: Կրկին հիմնարկեք եղավ, կառավարության անդամները ողջունեցին ջրամբար ունենալու այս քայլն ու վստահ հայտարարեցին, որ այս անգամ գործն ավարտին է հասնելու:
Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՏԶՀ նախագահ Սարգիս Բաղինյանը, Ջրային Կոմիտերի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը, KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա դել Արկոն, համայնքապետեր և այլք։
«Կապսի մասին կարծես երկար տարիներ լսել ենք, լսել ենք, բայց խնդիրներ կային, և վերջապես հասանք մեկնարկին: Արդեն աշխատանքներ են տարվում ջրամբարի երկրորդ փուլի իրականացման համար, և մեծ սպասելիքներ կան, որ այդ ուղղությամբ ևս դրական արդյունքներ կգրանցվեն»,-լրագրողների հետ զրույցում փաստել է Գնել Սանոսյանը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 95.2 մլն եվրո է, այդ թվում վարկային միջոցներ՝ 68.5 մլն եվրո։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զագացման հիմնադրամը։ Նախատեսվում է առաջին փուլում կառուցել ընդհանուր 25 մլն խմ ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60 մլն-ի:
Կա՞ն արդյոք ռիսկեր ու մտահոգություններ, որ այս անգամ ևս ծրագիրը կմնա անավարտ: Պատասխանատուները վստահեցրեցին, որ խնդիրներ չեն լինի, ֆինանսական գործընկերները հուսալի ու վստահելի են:
Ջրամբարի այս փուլի շինարարությունն իրականացնելու է չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ» ընկերությունը։
Ջրամբարի 25 մլն խմ ծավալով կառուցման դեպքում կբարձրացվի Շիրակի մարզում 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոսի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Շինարարությանը զուգահեռ 38 տարի ձգձգված ևս մեկ ծրագիր կիրականացվի: Կապսի ջրամբարի պատճառով կտեղափոխվի Ջրաձոր գյուղն ամբողջությամբ, 84 տնով զրոյից նոր էկոգյուղ կկառուցվի: Ջրաձորից միայն 3 ընտանիք է ԲԳՎ վերցրել, մնացածը նոր գյուղում են ապրելու:
Կարծիքներ