Գիտության ֆինանսավորումն ավելացնելն ավելի կնպաստեր գիտության զարգացմանը, քան նոր օրենք մշակելը. ԳԱԱ նախագահ
Սույն թվականի փետրվարի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի վերաբերյալ քննարկում ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանի, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի եւ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի մասնակցությամբ:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում նշեց. «Գիտության մասին այդպիսի օրենքի անհրաժեշտություն այսօր չկա, որովհետեւ կա արդեն գործող երկու օրենք՝ «Գիտական եւ գիտատեխնիկական քաղաքականության մասին» ՀՀ օրենք, մյուսը՝ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենք: Եթե այդ երկու օրենքներում կան խնդիրներ, որոնք չեն նպաստում գիտության զարգացմանը, կարելի է առաջին հերթին այդ օրենքներում փոփոխություններ մտցնել»:
Նա նշեց, որ եթե հնարավոր լիներ գիտության ֆինանսավորումն ավելացնել, դա ավելի կնպաստեր գիտության զարգացմանը, քան օրենք մշակելը: «1991թ-ից մինչեւ հիմա Հայաստանում գիտության ֆինանսավորում չի եղել: Չնչին ֆինանսական միջոցներով հնարավոր է եղել պահպանել գիտական կազմակերպությունները»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
Չնայած սուղ ֆինանասավորմանը՝ ՀՀ ԳԱԱ 12 կազմակերպություն ընդգրկված է գիտական ամսագրերի, գրքերի եւ գիտաժողովների աշխատանքներին հղում կատարող տվյալների ամենամեծ շտեմարան Scopus-ի՝ ըստ գիտական նվաճումների դասակարգած աշխարհի 8800 գիտական կազմակերպությունների ցանկում:
Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ, ըստ օրինագծի հիմնավորման, ակադեմիական ինստիտուտներն ինքնուրույն չեն, ազատ չեն իրենց կառավարման համակարգում: «ԳԱԱ ինստիտուտների կոլեկտիվներում անցկացվեցին քննարկումներ եւ փակ գաղտնի քվեարկություն: Արդյունքում մասնակիցների 90 տոկոսը դեմ եղան ակադեմիայի համակարգից դուրս գալուն: Վատ է, որ այդ օրենքը գրելուց ակադեմիայի համակարգից մարդ չի մասնակցել»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
«Գիտությունը զարգանում է ի շնորհիվ գիտական արդյունքների քննարկման, ծրագրերի կազմման, ընդհանուր գաղափարախոսության զարգացման ձեւով: Ակադեմիայի բրենդը նրանում է, որ նա նպաստում է գիտության զարգացմանը իր կառուցվածքով, իր ինստիտուտներով: ԳԱԱ բաժանմունքները ցանց են, որոնց շրջանակում քննարկվում են գիտական հարցերը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: Նա նշեց, որ օրինագծում բացակայում է «ակադեմիա» հասկացությունը: Նա, մասնավորապես, առաջարկեց օրինագծի 26-րդ հոդվածը ձեւակերպել հետեւյալ կերպ. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան պետության կողմից հիմնադրած ոչ առեւտրային գիտական կազմակերպություն է, որն ունի պետության կողմից սահմանված կարգով խորհրդատվություն տրամադրելու եւ հանրապետության հիմնարար հետազոտությունները համակարգելու իրավասություն»:
Ի պատասխան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց. «Այստեղ սկզբունքային շեշտ կա: Սա սկզբունքային միտք էր: Սա փլում է օրինագծի ամբողջ տրամաբանությունը»:
ԳԱԱ-ի մյուս առաջարկն է 26-րդ հոդվածում ավելացնել 3-րդ կետ, որ ակադեմիան կարող է ստեղծել գիտական համագործակցային ցանցեր գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծմանն աջակցելու նպատակով՝ իրականացնելով այդ կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում: «Եթե կազմակերպության ֆինանսական, վարչական կառավարումն իրականացվելու է լիազոր մարմնի՝ նախարարության կողմից, ապա գիտամեթոդականը, գիտական հիմնարար ծրագրերը, նրանց արդյունքների, հաշվետվությունների գիտական քննարկումներն իրականացվեն ակադեմիական համակարգում»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
Մյուս առաջարկն է հրաժարվել մեկ գիտական աստիճանի անցնելու դրույթից, պահպանել ասպիրանտուրայի ինստիտուտը գիտական կազմակերպություններում, որպես հիմնական օղակ, երիտասարդությանը գիտության մեջ ներգրավելու համար:
Մյուսը Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ ԲՈՀ-ի հարցն էր: «Մենք համաձայն չենք, որ ԲՈՀ-ն է վերացվում: Մեր գիտության համար մենք առաջնահերթ պետք ունենանք պետական լիազորված կառույց, որը վերահսկի այդ գործընթացը»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց. «Պետք է իրատես լինենք եւ հասկանանք, որ մենք այսօր գտնվում ենք տնտեսական եւ հասարակական բոլորովին այլ իրավիճակում: Խորհրդային Միությունն իր անսահման ֆինանսական ռեսուրսներով վաղուց այլեւս չկա:
Ես գտնում եմ, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը միմյանցից անջատելը նպատակահարմար չէ: Այս երկու համակարգերը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, եւ պետք է կարգավորումը տալ միասնական օրենքով: Ես համամիտ եմ, որ օրենքի նախագծում պետք է ամրագրել ֆինանսավորման կոնկրետ ծավալ` հաշվի առնելով գիտության շահը եւ պետության հնարավորությունները»:
Ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Էդուարդ Ղազարյանը, Լենսեր Աղալովյանը, Աշոտ Սաղյանը, Յուրի Սուվարյանը, Գեւորգ Պողոսյանը, Լեւոն Թավադյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Ռուբեն Հարությունյանը, Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի պետ, ֆ.մ.գ. դոկտոր, պրոֆեսոր Վանյա Բարսեղյանը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ներկայացված որոշ առաջարկներ, մասնավորապես, ակադեմիային գիտական կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում իրականացնելու գործառույթ վերապահելու եւ այդպիսով հիմնարար հետազոտությունների համակարգում իրականացնելու, ինչպես նաեւ օրինագծում ֆինանսավորման հստակ ցուցանիշներ (առաջարկ է եղել ՀՆԱ-ի 4 տոկոսը) ամրագրելու առաջարկները կքննարկվեն «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ:
Կարծիքներ