Վարկավորման գործառույթի կարգավորումները խախտելու պատճառով բանկերի համար կսահմանվի ավելի բարձր տուգանք

Վարկավորման գործառույթի կարգավորումները խախտելու պատճառով բանկերի համար կսահմանվի ավելի բարձր տուգանք

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց «Իմ քայլի» պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած օրենքի նախագծին, որով սպառողների վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար բանկերի նկատմամբ կսահմանվեն տուգանքի ավելի բարձր չափեր:

«Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Մանուկյանը:

Գործող օրենքներով սպառողներին վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար սահմանված են տուգանքի հետևյալ չափերը` առաջին անգամ խախտման համար` 100 հազար, երկրորդ անգամ` 200 հազար, իսկ երեք եւ ավելի խախտման համար` 500 հազար ՀՀ դրամ: Տուգանքը գանձվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ բանկի կողմից օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` մինչև 500 հազար դրամ, բայց ոչ պակաս, քան 300 հազար դրամ: Իսկ 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` 1 մլն դրամ, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, երեք և ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` մինչև 2 մլն, բայց ոչ պակաս, քան 1 մլն դրամը:

«Սրանով սահմանում ենք այն նվազագույն շեմերը, որով, կարծում ենք, բանկը պատրաստակամ պետք է լինի ներդրումներ իրականացնել և ապահովել սպառողների շահերի հավասարակշիռ պաշտպանությունը»,- ասաց Մանուկյանն ու հիշեցրեց, որ ԿԲ-ն տուգանքը դիտարկում է որպես վերջին աստիճանի ներազդեցության գործոն:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել են տեխնիկական փոփոխություններ: Նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացությամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում