5 նոր երգ սիրո մասին՝ Էրիկից
Սիրված երգիչ Էրիկն արդյունավետ օգտագործել է համավարակի ընթացքը և միանգամից 5 երգ պատրաստել հավատարիմ երկրպագուների համար: Էրիկի նոր ալբոմը կոչվում է «Սիրո պանդեմիա»: Այն արդեն հասանելի է համացանցում: Երգերից երկուսի՝ «Քանի օր, քանի գիշեր»-ի և «Լովի, լովի» երգերի երաժշտության հեղինակը հենց ինքը՝ Էրիկն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: «Իմ ու քո» երգի երաժշտությունը ևս գրել է Էրիկը, խոսքերը՝ Ավետ Բարսեղյանը: «Քանի կամ» երգի երաժտությունն ու խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Վերջին՝ «Սիրտս ցավի» երգի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանը: Բոլոր տեսահոլովակները նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը:
Freenews-ը կապ հաստատեց երգչի հետ պարզելու, թե ինչպես առաջացավ միաժամանակ այսքան երգ թողարկելու գաղափարը, թե որքան են տևել նկարահանումները և որտեղ են դրանք իրականացվել:
Էրիկը նշեց, որ նախագծի մասին խոսել առհասարակ չի ցանկանում, պարզապես այս երգերը կուտակվել էին և նա շատ էր ուզում, որ դրանք թողարկվեն՝ վիզուալացվեն եւ մնան իր պատմության մեջ: Էրիկը նշեց, որ նկարահանումները տևել են երեք օր, տեսահոլովակներից մեկն ամբողջությամբ նկարահանվել է Գյումրիում:
Չնայած նրան, որ տեսահոլովակների հրապարակումից դեռ մեկ օր էլ չի անցել, այնուամենայնիվ, մենք հետաքրքրվեցինք, թե ինչպիսինն են արձագանքները: Էրիկը պատմեց, որ երգերը միանշանակ սիրվել են, արձագանքը շատ դրական է և բուռն, նա նաև նշեց, որ օրեր առաջ երգերից երկուսն ինչ-որ կերպ տարածվել էին համացանցում, դրանցից մեկը նա, նույսնիկ լսել է Կասկադում շրջելիս՝ մոտակա մեքենաներից մեկի միջից:
Կարծիքներ