Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որևէ կերպ չի չեղարկել և չէր կարող չեղարկել 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը. Փաշինյան
Պրահայի համաձայնությունը ձեռք է բերվել, երբ արձանագրվել է, որ ՌԴ առաջարկությունն այլևս ակտուալ չէ. Ադրբեջանը մերժել է այն, և ՌԴ-ն այդ մերժման բերումով այլևս հիմքեր չունի այն պնդելու:
Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Խովաևի պլանին» վերաբերող հարցին:
«Երբ այդ առաջարկությունը եղել է, դրանից առաջ ՌԴ-ն 2 անգամ առնվազն ամենաբարձր մակարդակներով արձանագրել է, որ ԼՂ-ն միջազգայնորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է: Երրորդ, Պրահայի պայմանավորվածությունը և որևէ պայմանավորվածություն չեն չեղարկել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի վրա դրված պարտավորությունները: Պետք է անդրադառնալ մի հարցի` արդյոք այդ հայտարարությունն ուժի մեջ է, թե՝ ոչ, ակնհայտորեն ուժի մեջ է»,- ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որևէ կերպ չի չեղարկել և չէր կարող չեղարկել 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը, քանի որ այն, ըստ էության, և ՀՀ, և ՌԴ, և Ադրբեջանի և ԱՊՀ մյուս երկրների անկախության հռչակագիրն է` արդեն դե յուրե փոխադարձաբար ճանաչելու իմաստով:
«Մենք ինչ խնդիրներ որ ունենք, Լաչինի միջանցքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ինստիտուտ է, այնտեղ սահմանված են կողմերի իրավունքները և պարտականությունները: Եռակողմ հայտարարությունը շարունակում է մնալ ուժի մեջ, և ուժի մեջ մնալը կապ չունի ոչ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի, ոչ էլ 2022-ի հոկտեմբերի 6-ի պայմանավորվածության հետ, որը հղում է աոնւմ 1991-ի Ալմաթիի հռչակագրին»,- ասաց վարչապետը:
Կարծիքներ