Աննա Հակոբյանի այցն Ուկրաինա անհարկի է քաղաքականացվում. Փաշինյան

Աննա Հակոբյանի այցն Ուկրաինա անհարկի է քաղաքականացվում. Փաշինյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցն Ուկրաինա անհարկի է քաղաքականացվում:

Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Աննա Հակոբյանը երկար ժամանակ է ներգրաված «Առաջին տիկնանց և ամուսինների» միջազգային գործընկերության մեջ, որի շրջանակներում մասնակցում է միջոցառումների:

Նման միջոցառում, ըստ վարչապետի, նաև Հայաստանում է անցկացվելու, և, վարչապետի կարծիքով, այդտեղ քաղաքական հետևություններ անելու կարիք չկա։

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել էր «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։

«Փորձում են Հռոմի ստատուտը, զորավարժություններն ու նույնիսկ կնոջս այցն Ուկրաինա կապել սահմանային իրադության հետ: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2020-ին մենք ո՛չ այցելում էինք Ուկրաինա, ո՛չ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ո՛չ ԱՄՆ-ի հետ զորավարժություններ էինք անում, ոչ էլ 2022-ի սեպտեմբերին, բայց դա չխանգարեց, որ սահմանին ունենանք պատերազմական իրավիճակ»,- ընդգծեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում