3 նախարարի և 8 պատգամավորի հրաժարականից հետո Լիբանանի կառավարությունը փլուզման եզրին է. երկրի վարչապետը ևս մտադիր է հրաժարական տալ
Լիբանանի կառավարությունը հայտնվել է փլուզման եզրին` վարչապետ Հասան Դիաբի ղեկավարած կառավարության 3 նախարարի, ինչպես նաև խորհրդարանի 8 պատգամավորի և ԱԳՆ 1 դեսպանի հրաժարականից հետո, գրում է alarabiya.net կայքը:
Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո լիբանանցիները դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ և պահանջում են ամբոջ իշխանական էլիտայի, այդ թվում` կառավարության և խորհրդարանի հրաժարականը:
Արտգործնախարար Նասիֆ Հիթին հրաժարական էր ներկայացրել դեռևս մինչև պայթյունը, պայթյուններից հետո էլ հրաժարական են ներկայացրել Հորդանանում Լիբանանի դեսպանը և մի քանի պատգամավոր:
Լիբանանյան ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ երկրի նախագահին իր հրաժարական տալու մտադրության մասին տեղեկացրել է նաև վարչապետ Դիաբը:
Լիբանանի ներկայիս կառավարությունը ձևավորվել է այս տարվա հունվարին` Իրանի կողմից հովանավորվող «Հեզբոլլահ» խմբավորման և նրա դաշնակիցների կողմից:
Նշենք, որ օգոստոսի չորսին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Բեյրութում աճում է զայրույթն ու դժգոհությունն ընդդեմ իշխանությունների. վերջիններս խոստովանել են, որ սոսկալի պայթյունն իրականում կանխատեսելի էր, ու դրա վերաբերյալ անընդհատ նախազգուշացումներ էին արվում: Պայթյունի պատճառ դարձած ահռելի քանակությամբ (2750 տոննա) ամոնիումի նիտրատը, որը նկարագրվում էր որպես «լողացող ռումբ», Բեյրութի նավահանգստում էր պահվում արդեն վեց տարի: Հատկանշական է, որ կես տարի առաջ պահեստը ստուգած պաշտոնյաները նախազգուշացրել են, որ եթե այն չհեռացվի, ապա «կպայթեցնի ամբողջ Բեյրութը»:
Բացահայտումն առ այն, որ կառավարության անտարբերությունը կարող է էական դեր ունենալ Բեյրութի պատմության մեջ ամենասարսափելի պայթյունի հարցում, ժողովրդի շրջանում բարկության նոր ալիք է բարձրացրել երկրի քաղաքական դասի նկատմամբ: Բացի այդ, ժողովուրդն առանց այդ էլ դժգոհ էր կառավարությունից՝ շարունակվող տնտեսական ճգնաժամի և դրա հետևանքով Լիբանանի բնակչության գրեթե կեսի չքավորության մեջ հայտնվելու պատճառով:
Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ հայկական համայնքի 13 ներկայացուցիչ, մինչդեռ վիրավորները 5000-ից ավելի են:
Կարծիքներ